Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը երեկ հայտարարեց, թե իր հիմնական մրցակից համարում է իշխող ռեժիմին:
«Իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմի մասնիկը: ՀՀԿ-ի դեմքը մարդ, պաշտոնյա ծեծող Գագիկ Բեգլարյանն է, որը ՀՀԿ համամասնական ցուցակի տասնյակում է կարծեմ: ՀՀԿ-ի դեմքը Սյունիքի մարզպետն է, որը եւս մարդ է ծեծում եւ էլի ՀՀԿ ցուցակում է: ՀՀԿ-ի դեմքը նաեւ Սերժ Սարգսյանն է, որն ուրացել է Ցեղասպանությունը, նաեւ նրա կառավարման արդյունքում Հայաստանը հասցվել է տնտեսական աղետի, խաբել է ժողովրդին, որեւէ նախընտրական խոստում չի կատարել եւ այդ առումով շատ սեւ ու սպիտակ պատկեր է ստեղծել մեր ընտրատարածքում»,-ասաց Կարապետյանը` հավելելով, որ ափսոսում է` ՀՀԿ-ում տեսնելով նաեւ իր մրցակից թեկնածուին` Սամվել Ֆարմանյանին: Ըստ նրա` դառնալով ՀՀԿ անդամ՝ Ֆարմանյանը եւս պատասխանատվություն է կրում ռեժիմի հանցագործությունների համար: Կարապետյանի խոսքերով՝ արդեն իսկ անհավասար պայմաններ են ստեղծվել իր ու մրցակցի միջեւ, քանի որ վերջինս գործի է դրել իշխանական ռեսուրսները, հանդիպում է պաշտոնյաների հետ: «Իմ մրցակիցն այսօր արդեն հայտարարել է, որ ունի 37 ընտրական շտաբ, միակը ՀՀԿ-ից, որ նման հայտարարություն է անում, ընդ որում, պաստառի վրա կարծեմ նշված չէ իր կուսակցական պատկանելությունը»,-ասաց նա: Կարապետյանը նաեւ նշեց, որ ինքն անելու է հնարավորը` բնակչությանը համոզելու համար, որ «իրենք իսկապես ունակ են պայքարել հանցավոր ռեժիմի դեմ եւ ապացուցել, որ այս ռեժիմը պետք է հեռանա»: Նրա խոսքերով՝ ինքն ու իր թիմն ամեն ինչ անելու են այդ նպատակին հասնելու համար: «Այս ընտրությունները լավ հնարավորություն են շրջել այդ էջը եւ նոր շունչ տալ Հայաստանի»,-նշեց նա: Վ. Կարապետյանը երեկ նաեւ բանավեճի հրավիրեց իր մրցակցին:
Ի դեպ, արձագանքելով Վլադիմիր Կարապետյանի հայտարարություններին՝ նրա մրցակից թեկնածուն` Սամվել Ֆարմանյանը երեկ հայտարարել է, թե ընդունում է հրավերը: «Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարեւոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաեւ համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա»,-ասել է նա: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե երբ տեղի կունենա Վլադիմիր Կարապետյան-Սամվել Ֆարմանյան բանավեճը:
Նշենք նաեւ, որ Ֆարմանյանը չի մեկնաբանել, թե ինչու է իր նախընտրական պաստառների վրա բացակայում կուսակցական պատկանելության մասին որեւէ հիշատակում:
ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՀՀԿ-ԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ