ՄԵՌԵԼՈՑՆ ՈՒ ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը համընկավ Սուրբ Զատկի տոնի հետ, որին հաջորդեց մեռելոցը: Ու թերեւս սա էր պատճառը, որ քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը լայն թափով կսկսեն այսօրվանից: Երեկ արդեն քաղաքական շրջանակներում կատակում էին, թե քարոզարշավը սկսվել է մեռելոցով եւ կավարտվի մայիսի 6-ին ընտրացուցակների մեռած հոգիների քվեարկությամբ:
Կուսակցություններից առայժմ միայն ԲՀԿ-ն է նախընտրական հանդիպում ունեցել. իր քարոզարշավն այս կուսակցությունը սկսել է Կոտայքի մարզից` Աբովյան քաղաքից, որտեղ եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է ԲՀԿ նախագահ Ծառուկյանը: ԲՀԿ-ականները, ինչպես փոխանցեց այս կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հանդիպումից առաջ մասնակցել են Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած պատարագին, այնուհետեւ տեղի է ունեցել իրենց հանրահավաքը: Երեկ ԲՀԿ-ն որեւէ նախընտրական հանդիպում չի ունեցել. պատճառը եղել է մեռելոցը: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` ԲՀԿ-ականները հանդիպումներ են ունենալու ՀՀ բոլոր համայնքներում անխտիր: Ըստ նրա` ստեղծվել է 7 քարոզչական խումբ, որոնք լինելու են ՀՀ բոլոր գյուղերում: «Ընդհուպ` 50-60-հոգանոց, սահմանամերձ գյուղերը»,-ասաց նա: Այդ խմբերին զուգահեռ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նախընտրական հանդիպումներ է ունենալու` լինելով մեծ համայնքներում:
Երեկ էլ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեցին ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը: Այս երկու կուսակցությունները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: Դատելով ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացումից` առաջիկա քարոզարշավի ժամանակ նրանք հիմնական շեշտը դնելու են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա. ՀՅԴ-ականները խոստանում են առաջիկա տարիներին զսպել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների աճը: Նախընտրական հանդիպումների շարքը ՀՅԴ-ն կսկսի այսօր Երեւանից: Նրանք նախատեսում են Երեւանի Ազատության հրապարակում երեկոյան հանրահավաք անցկացնել: Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, ապա ՀՅԴ մամուլի դիվանից տեղեկացանք, որ ՀՅԴ-ն առաջինը կայցելի Սյունիք` ապրիլի 12-ին, այնուհետեւ կլինեն Վայոց Ձորում: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա հանդիպումների գրաֆիկը դեռեւս հստակեցման փուլում է: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքերով` ապրիլի 10-11-ին իրենք հանդիպումներ կանցկացնեն Երեւանում, իսկ արդեն ապրիլի 12-ին կմեկնեն Կոտայք:
Այսօրվանից իր նախընտրական քարոզարշավը կսկսի նաեւ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ անդամներն այցելելու են Արագածոտնի մարզ. առաջին հանդիպումը լինելու է Ապարան քաղաքում, այնուհետեւ` Աշտարակում: Ինչ վերաբերում է ՀԱԿ ծրագրին, ապա դեռեւս մարտի 30-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում էր այն ներկայացրել: Նկատենք, որ Զատկի եւ մեռելոցի պատճառով Կոնգրեսը քարոզարշավի առաջին երկու օրերին նախընտրական հանդիպումներ չի անցկացրել, այլ միայն օգտվել է անվճար եթերաժամանակից: Սակայն, ինչպես վստահեցրեց ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը, Կոնգրեսի քարոզարշավը հարաճուն տեմպերով ակտիվանալու է:
Ինչ վերաբերում է իշխող ՀՀԿ-ին, ապա նրանք առայժմ չեն շտապում նախընտրական քարոզարշավի մեկնարկի հարցում: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, իրենք հանդիպումները կսկսեն ապրիլի 15-ից: Ըստ Սահակյանի` հանդիպումներ են ունենալու բոլոր բնակավայրերում, հասարակությանն են ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը: «Կենդանի շփումներ են լինելու»,-ասաց նա: Պարզվում է` ՀՀԿ նախընտրական հանրահավաքներին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Հովհաննես Սահակյանի խոսքերով` Ս. Սարգսյանը լինելու է մարզկենտրոններում կայանալիք հանդիպումներին: Այլ կերպ ասած` ազատ ու արդար ընտրությունների անցկացման մասին խոստումներ տվող ՀՀԿ-ն իր ողջ իշխանական ռեսուրսները կենտրոնացնելու եւ ծառայեցնելու է ռեժիմի վերարտադրման հարցում: Առավել եւս, որ ԸՕ-ն քաղաքական պաշտոն զբաղեցնող իշխանավորներին թույլ է տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ շարունակել պաշտոնական պարտականությունների կատարումը:
Եւս մեկ ուշագրավ փաստ. կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ն իր նախընտրական քարոզարշավը սկսել էր դեռ պաշտոնական մեկնարկից առաջ` այդպես խախտելով ՀՀ ԸՕ-ն: Բանն այն է, որ ապրիլի 7-ին կայացած հանրահավաքի իրենց ելույթներում ՕԵԿ-ականներն ուղղակի կոչ էին անում քվեարկել իրենց կուսակցության օգտին: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածն արգելում է դա: Քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, ԿԸՀ-ից հնարավոր չեղավ ճշտել` ինչ դիրքորոշում ունեն ՕԵԿ արարքների կապակցությամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս