«Ադրբեջանցի զինվորները դեմ են Ալիևի ռազմատենչ գործողություններին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաշտպանվողի դերում լինելը մեր մենաշնորհը չէ: Միայն նախահարձակ լինելով և կանխարգելիչ գործողություններ իրակականացնելով է հնարավոր  հայրենիքի սահմաններն անառիկ պահել»,- այսպիսի տեսակետ հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Վերջինս տեղեկացրեց , որ օգոստոսի 1-7-ը մի խումբ երիտասարդ կամավորների հետ մեկնել էր սահման` տեղեկանալու սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: «Ադրբեջանցի զինվորները բացարձակապես դեմ են Ալիևի ռազմատենչ գործողություններին, նրանք ևս հասկանում են, որ այս տեսակի դիրքորոշումը վատ հետևանքներ է ենթադրում նաև իրենց համար»,-նշեց Կոմանդոսը:

«Մենք չենք կարող հանդուրժել ադրբեջանական կողմի ռազմատենչ դիրքորոշումը: Պաշտպանվողի դերը ստանձնելով՝ մեր երկրի սահմանները անառիկ չեն մնա: Մենք ինքներս պետք է ադրբեջանցիներին ցույց տանք իրենց տեղը, հասկացնենք, որ մենք էլ կարող ենք նախահարձակ լինել և պատրաստ ենք ռազմական գործողությունների` նախաձեռնողի կարգավիճակում»,- ասաց գեներալ-մայորը:

Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ արհեստական լարվածության հեղինակը միայն Ալիևն է, և իր հայրենակիցների մեծ մասն էլ է դեմ այս գործողություններին:

«Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պաշտպանված է, և Ալիևի ռազմատենչ պահվածքը չի կարող մեզ ընկճել»,- հավելեց գեներալ-մայորը:




Լրահոս