Որքան էլ ցավալի է, սակայն հատկապես վերջին տարիներին մեզանում շատացել են իգական սեռի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք չափազանց հեռու են ոչ միայն հայ կնոջ տեսակից, այլեւ առհասարակ արժանի չեն կին կոչվելու: Դա այն տեսակն է, երբ անօգնական մարդ տեսնելիս արդեն նրա միջոցով աշխատելիք փողերն է մտովի հաշվում: Ընդ որում, կապ չունի` այդ անօգնականը չափահաս է, թե իր հարազատ դստեր անչափահաս ընկերուհին:
Երեւանի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը շուրջ 15 տարի պարբերաբար մեկնել է Թուրքիա, այնտեղից ապրանքներ բերել ու վաճառել: Թե այդ ընթացքում էլ ինչով է զբաղվել Լուսինեն, թուրքերի հետ ինչպիսի եւ ինչ աստիճանի փոխվստահության ու պայմանավորվածությունների մեջ է մտել, միայն ինքը գիտի, իր համախոհները, մեկ էլ նրանց մեղքերը վերեւից հաշվող Աստված: Բայց մի բան պարզ է, որ թուրքերի հետ նրա հարաբերություններն այնքան ամուր են եղել, որ նա մի օր էլ որոշել է նրանց հովանավորությամբ կավատությամբ զբաղվել:
Երեւանում Լուսինեն բնակվել է միակ դստեր հետ, եւ առաջին տուժողը, որը հայտնվել է նրա տեսադաշտում, դստեր անչափահաս ընկերուհին է եղել` Նարեն (տուժողների անունները փոխված են): Վերջինս ժամանակ առ ժամանակ այցելել է ընկերուհու տուն, եւ այդ այցելությունների ընթացքում Լուսինեն նրանից իմացել է, որ աղջիկը միայնակ ու տարեց մոր հետ է ապրում, ով աշխատանք չունի եւ դժվարանում է ընտանիքի հոգսերը հոգալ: Երկրորդ տուժողի` Էմմայի ընտանիքում եղած սոցիալական վիճակի, ամուսնու հետ ունեցած անհաշտ հարաբերությունների մասին էլ Լուսինեն իմացել է իր ընկերուհուց եւ որոշել Էմմային էլ «օգնել»: Վերջինիս վստահեցրել է, թե Թուրքիայում մոդելավորողի կամ վարսահարդարի աշխատանքով կապահովի: Նարեի խելքն էլ կերել է, թե` դու անող-դնող աղջիկ ես, կտանեմ Թուրքիա, բնակարան մաքրողի գործ կդասավորեմ, բարձր աշխատավարձ կստանաս, մորդ էլ կօգնես: Նրանք էլ համաձայնել են: Եւ ահա Լուսինեն հավաքագրել է եւ 2010-ի օգոստոսին կազմակերպել նրանց` ՀՀ պետական սահմանը հատելու գործը, վճարել Նարեի ճանապարհածախսը եւ տեղափոխել Թուրքիայի Մարմարիս քաղաք: Այնտեղ հյուրանոցում տեղավորելու պատրվակով վերցրել է Նարեի եւ Էմմայի անձնագրերը:
Երբ արդեն նրանց զրկել է որեւէ անհնազանդ քայլ կատարելու հնարավորությունից, Լուսինեն բացահայտ ասել է, որ հյուրանոցում մարմնավաճառությամբ են զբաղվելու: Թեեւ խաբվածները չեն համաձայնել` նշելով, որ իրենք մարմնավաճառներ չեն ու այդ նպատակով չեն եկել, սակայն մեծ փողերի հոտ առած Լուսինեն տեղի չի տվել, ասել է` հետ գնալու փող չունեք, թուրքերեն չգիտեք, տեղանքին ծանոթ չեք, անձնագրերն էլ ինձ մոտ են, եթե կարող եք` գնացե՛ք: Դե թրաֆիքինգի զոհերն էլ ստիպված սկսել են չսիրած գործով զբաղվել: Եւ այդպես Լուսինեն Էմմային շահագործել է մեկ ամիս, իսկ «եկամտաբեր» Նարեին` 2 ամիս: Լուսինեն նրանց համար ամեն օր հաճախորդներ է բերել. Էմման օրը 1-ական հաճախորդ է ընդունել, իսկ անչափահաս Նարեն` 2-3, սակայն օրեր են եղել, երբ նա անգամ 10 հոգու է ծառայություն մատուցել (տուժողներն են իրենց ցուցմունքներում նշել):
Էմմային համեմատաբար ավելի հեշտ եւ շուտ է հաջողվել ազատվել սեռական ստրկությունից. երբ Թուրքիայում մնալու ժամկետն ավարտվել է, ու եկել են Վրաստան` հրավերքի ժամկետը երկարացնելու, Էմման օգտվել է առիթից եւ հրաժարվել Լուսինեի հետ վերադառնալ Թուրքիա: Ինչ վերաբերվում է Նարեին, ապա նրան Լուսինեն հետ է բերել այն ժամանակ, երբ որոշակի գումար է հավաքել. ըստ Նարեի ցուցմունքի` 2010-ի հոկտեմբերին եկել են Վրաստան, Լուսինեն իրենց վաստակած գումարներով ավտոմեքենա է գնել, եւ իրենք վերադարձել են Հայաստան:
Թուրքիայից վերադառնալուց հետո Լուսինե Ներսիսյանը որոշել է շարունակել եկամտաբեր բիզնեսը. 2011-ի ապրիլին ծանոթացել է իր հարեւանուհի, գործով տուժող Կարմենի հետ: Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, որոշել է նրան էլ «արժանապատիվ» աշխատանքով ապահովել: Վստահեցրել է, որ Թուրքիայում տան մաքրությունը շատ բարձր է վարձատրվում, եւ համոզել է գնալ Թուրքիա: Դե խեղճ Կարմենն էլ, առանց որեւէ կասկածի, համաձայնել է, տան հեռուստացույցը գրավ դրել, որ ճանապարհածախս անի, ու Լուսինեի հետ մեկնել Թուրքիա: Երբ հասել են հյուրանոց, Լուսինեն շատ հաղթական տոնով հայտարարել է, որ Կարմենը մարմնավաճառությամբ պետք է զբաղվի, որովհետեւ փրկվելու ճար չունի: Կարմենն էլ պատասխանել է, որ Լուսինեն իրեն «աշխատեցնելու» ճար չունի, որովհետեւ «աշխատանքի գործիքը» փչացած է` սեռական օրգանները վիրահատությամբ հեռացրել են, եւ ինքը չի կարող սեռական ծառայություն մատուցել: Այդպես նա փրկվել է, սակայն ստիպված է եղել Հունաստանում գտնվող մորից փող խնդրել, որ հետ գա:
Իհարկե, Լուսինեն իր կավատությունն ամեն կերպ ժխտել է. ասել է, թե իր դստերն ու Նարեին տարել է Մարմարիս քաղաք, որտեղ նրանք հանգստացել են, իսկ Էմմային Ստամբուլ քաղաքում տեղավորել է աշխատանքի` որպես հավաքարար: Ինչ վերաբերվում է Կարմենին, ապա Լուսինեն ցուցմունքում նշել է, թե Կարմենն այնքան ոգեւորված է եղել իր առաջարկից, որ ցանկացել է ընտանիքի անդամներին էլ տեղափոխել Թուրքիա, ինչը, սակայն, չի հաջողվել, եւ նա վերադարձել է տուն:
«ԿԱՎԱՏՆ» ԱՌԱՆՑ «ՏԵԽՕՍՄՈՏՐԻ» Է ՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ