Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի օգոստոսի վերջին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտին են մոտենում հուլիսի 16-ին մեկնարկած Երեւանից դեպի Դիլիջանի թունել տանող (Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի 6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։ Մշակված է նաեւ մնացած մոտ 1,5 կմ հատվածի բետոնային ներքին շերտը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհահատվածը շատ ավելի որակյալ ու դիմացկուն կլինի:

Ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ կատարվում են նաեւ ջրահեռացման համակարգի, իջատեղերի, հենապատերի ու կամուրջների նորոգման եւ վերականգնման աշխատանքներ։ Հիմնանորոգված ճանապարհահատվածի երկայնքով անվտանգության նկատառումներով՝ կտեղադրվեն մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվեն գծանշումներ։

Կարեւոր նշանակություն ունեցող միջպետական այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ օգոստոսի վերջին։

Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքն, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմել էր մոտ 1 մլրդ 360 մլն դրամ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այդ գինը նվազել է 180 միլիոն դրամով՝ կազմելով 1 մլրդ 180 մլն դրամ: Աշխատանքները կատարվում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:




Լրահոս