ԹԻՎ 33-Ի ՀԵՐՈՍԸ ՆՈՐԻՑ ԹԱՄԲԻ ՎՐԱ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի՜ տարի Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքը յուրովի սեփականաշնորհվել է Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի կողմից, ով, իրեն համարելով Աշոցքի ծնունդ, այն համոզմանն է, որ այս ընտրատարածքից, իրենից բացի, ոչ ոք իրավունք չունի պատգամավոր դառնալ: Իհարկե, վերջին շրջանում այս ընտրատարածքում «խաղեր» է տալիս նաեւ ՕԵԿ-ի «կադրային նվաճումներից» մեկը` Հովհաննես Մարգարյանը, ով մասնակցում է ընտրություններին, դատական շոուներ սարքում, բայց այդպես էլ չի կարողանում հաղթել Բուռնաշին, որովհետեւ նա այստեղի տերն է:
2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարմաշեն գյուղի «ինտելիգենցիայի» ներկայացուցիչներից մեկը` դպրոցի նախկին տնօրեն, «Ցայգ» հեռուստաընկերության եթերից բոցաշունչ ճառեր էր հնչեցնում Աշոտ Աղաբաբյանի մասին` ասելով, որ ընտրությունների նախօրյակին Աղաբաբյանն իրենց բենզին ու սոլյարայուղ է տալիս, որպեսզի կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Գյուղական «ինտելիգենցիայի» միամիտ ներկայացուցիչը չէր հասկանում, որ այդպես բացեիբաց խոսում էր ընտրակաշառքի մասին, այն մասին, որ խորհրդարանում որեւէ բան չանելով, երբեք օրենսդրական նախաձեռնություններով հանդես չգալով` Աշոտ Աղաբաբյանը, ընտրակաշառք բաժանելով, նորից պատգամավոր է դառնում, վերադառնում Երեւան, զբաղվում «Հրազդան» տոնավաճառի գործերով, ակնհայտ խախտում Սահմանադրությունը, ապա նորից գալիս Շիրակ, գյուղերը լցնում իր մարդկանցով, գյուղապետերին հերթական խոստումները տալիս եւ այդպես շարունակ:
 Առաջին անգամ, երբ նա պատգամավոր դարձավ, խոստացավ Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանում հսկայական գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, մի նոր Վասյուկի կառուցել… Չգիտենք, թե ինչ կառուցեց, բայց երեւի իր գործերը դասավորեց, իր ֆինանսական հոսքերն ապահովեց, «ձեռքի հետ» էլ իրեն սատարած մի երիտասարդի «Նիվա» ավտոմեքենա նվիրեց… Հիմա նորից առաջադրվելով թիվ 33 ընտրատարածքում` Աշոտ Աղաբաբյանը խոստանում է զարկ տալ ջայլամաբուծությանը: Իսկ մինչ այդ, նա դարձյալ մրցակցության մեջ է մտնելու Մարգարյան Հովհաննեսի հետ: Իհարկե, գիտենք, որ սա ձեւական մրցակցություն է լինելու, որովհետեւ երկուսն էլ կոալիցիոն գործընկերներ են, անգամ չի բացառվում, որ Մարգարյանը «ստվերային» քարոզչություն ծավալի` հանուն Բուռնաշի: Ուրեմն արդեն այսօր կարելի է ասել, որ թիվ 33 ընտրատարածքը հերթական անգամ… պատգամավոր չի ունենալու: Չէ՛, դե յուրե ունենալու է, որովհետեւ հերթական անգամ այստեղ «հաղթելու» է Աշոտ Աղաբաբյանը, սակայն, ըստ էության, պատգամավոր չի ունենալու, որովհետեւ Աշոտ Աղաբաբյանը որեւէ աղերս չունի պատգամավորական գործունեության հետ: Նա այսքան տարի ոչ մի հարց չի տվել կառավարությանը, ոչ մի անգամ հարցում չի ուղարկել ամենահոգսաշատ մարզի ու ենթաշրջանների խնդիրների մասին: Տոներին, իհարկե, ուղերձներ է հղել կանանց, ուսուցիչներին, սեպտեմբերի 1-ին էլ, մյուս պատգամավորների նման, գյուղական դպրոցների աշակերտներին խանութներում տարիներով մնացած պայուսակներ է նվիրել: Ուրեմն խորհրդարան է գալու ոչ թե պատգամավորը, այլ «Աղաբաբյան» հիմնադրամի նախագահը, ոչ շատ շռայլ «բարեգործը»: Գալու է, որպեսզի ամեն ինչ անի, որ «Հրազդան» մարզադաշտն իրենից չխլեն:
Իսկ այդ մարզադաշտն արդեն իսկ գնում է Բուռնաշի ձեռքից, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը նպատակասլաց կերպով գնում է դեպի այդ ունեցվածքի վերաբաժանումը: Նկատելի է, որ իշխանություններն այնքան էլ հիացած չեն Բուռնաշով` չնայած նրա համար օրուգիշեր բարեխոսում է Գալուստ Գրիգորիչը, որպեսզի իր տղաների քեռին լինի խորհրդարանում: Ժամանակ առաջ շատերն էին խոսում այն մասին, որ նոր խորհրդարանում Աշոտ Աղաբաբյանը չի լինելու, քանի որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական «ուղեգծի» մեջ առանձնացրել էր գործարարներին ԱԺ չթողնելու դրույթը: Ու երեւի մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի նա իր համաձայնությունը տար Բուռնաշի հարցում: Գուցե այստեղ «այլ երանգներ» էլ են ի հայտ եկել, քանի որ Աղաբաբյանն այն անձանցից չէ, որոնք հեշտությամբ են «կուլ գնում»: Նա էլ իշխանություններին խեղճացնելու իր «փաստարկներն» ունի: Այսինքն` «անտեր տղա» չէ, որին հնարավոր լինի հեշտությամբ ծնկի բերել ու հասկացնել, որ այլեւս խորհրդարան չմտնի:
Տարիներ շարունակ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում սկանդալային պատմություններ են արձանագրվում, մարդիկ բողոքում են այստեղ հաստատված ամենաթողությունից, Բուռնաշի վարած վաշխառուական քաղաքականությունից, սակայն ոչ ոք չի համարձակվում մտնել նրա տիրույթն ու պահանջել հարգել ՀՀ օրենքները: Անգամ Ռուբեն Հայրապետյան-Աշոտ Աղաբաբյան կոնֆլիկտն էլ  այլ ենթահիմք ուներ:
Այսքանից հետո արձանագրենք, որ հավանաբար գոյություն ունեն ինչ-որ պայմանավորվածություններ ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ, այլապես «Օրինաց երկիր»-ն ամեն ինչ կաներ, որպեսզի Մարգարյան Հովհաննեսն այս ընտրատարածքում չառաջադրվեր: Ավելին, ժամանակ առաջ ՕԵԿ փոխնախագահը հայտարարեց, որ իր կուսակցությունն ընտրություններին «ջիգյարով» ձայներ է հավաքելու: Հետաքրքիր է,  այդ ջիգյարով ձայների մեջ մտնո՞ւմ են նրանք, որոնք Մարգարյան Հովհաննեսը պիտի նվիրաբերի Բուռնաշին:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս