ՇՐԹՈՒՆՔՆԵՐՈՎ Է ՀԱՍԿԱՑՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Գեւորգ Էդիկի Եղիազարյանը երեք ամիս տասն օր է, ինչ գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Նա իր 20-ամյակն ապրիլի 3-ին նշեց այդտեղ: «Ժողովուրդ»-ը զրուցեց վիրավորված զինծառայողի մոր ու մորաքրոջ`  Նաիրա եւ Ժենյա Գալստյանների հետ, որոնք մեզ տեղեկացրին, որ Գեւորգը բուժվելու համար պետք է մեկնի Գերմանիա, որի համար անհրաժեշտ է 77 հազար եվրո: Սակայն Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ պետք է քննարկեն ու որոշեն` ով եւ երբ պետք է գումարը փոխանցի:
«Չեն մերժում, ասում են` էս երկուշաբթի, էն մի երկուշաբթի, հետո` մյուս երեքշաբթի… բայց ո՞նց կլինի. հիվանդը վերքերը վրան սպասի՞, տեղ էլ չկա, սաղ ծակած են: Ինչի՞ն սպասեմ»,-մեզ հետ զրույցում դժգոհեց Գեւորգի մայրը` տիկին Նաիրան: «Բանվորի ընտանիք ենք, չունենք այդքան փող»,-տիկին Նաիրային լրացրեց Գեւորգի մորաքույրը` Ժենյան: «Թոշակ են առաջարկում, բայց դա մեզ պետք չէ: Մենք թոշակի համար չենք տղա ուղարկել բանակ»,-դողդոջուն ձայնով ասաց Գեւորգի մորաքույրը` մաքրելով արցունքները:
Տիկին Նաիրան շնորհակալ է Գեւորգի բժշկից. «Շատ հոգատար է, բայց ավելին անել չի կարող: Բացի կենդանի լինելուց, մենք ուզում ենք, որ տղաս ինքնուրույն շարժվի»: Գեւորգը հիմա կարողանում է ինքնուրույն շնչել, սակայն հարազատները քաջ գիտակցում են, որ լիարժեք չի բուժվելու: Գեւորգը շրթունքներով է  հասկացնում, թե ինչ է ուզում, եւ միայն մայրն է հասկանում նրա ուզածը: «Երբ բժիշկ գտանք Գերմանիայում, այդ պահին Գեւորգի ճնշումը կարգավորվեց, տրամադրությունը բարձրացավ, մի ուրիշ մարդ դարձավ, իսկ հիմա, երբ տեսնում է, որ ամեն ինչ հետաձգվում է, գալիս է իր նախկին վիճակին, ընկճվում է, մեզ հետ չի ուզում խոսել»,-հուզված ձայնով պատմեց վիրավորված զինծառայողի մայրը` ավելացնելով, որ Գեւորգն ամեն րոպե սպասում է պատասխանի:
Նշենք, որ Գեւորգը 8 տարի զբաղվել է ըմբշամարտով, դրանից հետո ընդունվել է թիկնապահական քոլեջ, իսկ այն ավարտելուց հետո գնացել բանակ: Մայիսին պետք է զորացրվեր:
«Բոլորը եկան հոսպիտալ ու գնացին, իսկ մեր էրեխեն անշա~րժ… արդեն գիտակցում է, հասկանում իր վիճակը: Նայում ես աչքերին` արցունքը գնում է, ինչի՞ համար, մենք զինվոր ուղարկեցինք, որ իրանք հանգիստ քնե՞ն»,-ցավով նկատեց զինվորի մայրը:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 2011-ի դեկտեմբերի 28-ին վիրավորված ՊԲ 19-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Էդիկի Եղիազարյանը գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում` բժիշկների հսկողության տակ: Նա վիրավորվել էր Հյուսիսարեւելյան Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:
Հ.Գ. Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ, ով ասաց, որ այս զինվորի նկատմամբ անհատական վերաբերմունք կցուցաբերվի, եւ այսօր ինքը հանդիպելու է Գեւորգի մորը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս