ՔԱՂԱՔ-ԱՂԲԱՎԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի մոտ գտնվող Դարպաս համայնքում առկա խնդիրների շարքը շարունակվում է: Էկոլոգիական աղետներից մեկն էլ հսկա աղբակույտերն են: Գյուղի դիրքն այնպիսին է, որ հեռվից նայելիս թվում է` Վանաձորի թաղամասերից է: Դարպասի ներսում գտնվող որոշ հողատարածքներ փաստացի Վանաձորի վարչական տարածքն են: Մեկ տարի է` գյուղի տներին ու հողամասերին կից հատվածում հսկա չափերի հասնող աղբ է կուտակվում: Տեսարանը զզվելի է, գարշահոտը` անտանելի: Աղբի սարերն արագությամբ ավելանում են: «Սա մեր աղբը չէ,-ասում է Դարպասի համայնքապետը,-մեր աղբահանությունը նորմալ կատարվում Է: Աղբն էլ թափվում է հատուկ սահմանված վայրում»: Այդ դեպքում ինչպե՞ս է աղբը գոյանում. այս հարցն անպատասխան է մնում: Մեծ գիտելիքներ չեն պահանջվում հասկանալու համար, որ այդքան աղբը մի քանի մարդու ձեռքի գործ չի կարող լինել: Այստեղ նման սարեր կարող էին գոյանալ առնվազն մի քանի աղբատարների բազմաթիվ աղբաթափումների հետեւանքով: Տեղում եղած ժամանակ մենք աղբ թափողների չհանդիպեցինք, սակայն բնակիչների աչքից ոչինչ չի վրիպում: «Սաղ քաղաքից են բերում: Տեսել եմ ավտոն, բայց համարները չեմ կարա ասեմ,-ասում է դարպասեցի Մացակ Եղշատյանն ու ավելացնում,-մեզ խանգարում ա, անասուններին խանգարում ա, էս օդը մենք շնչում ենք: Ստիպված եկել եմ վառեմ»:
Աղբը կուտակվում է աղբի վերամշակմամբ զբաղվող «Քլին լենդ» ընկերության հարեւանությամբ: Վանաձորի քաղաքապետարանն  ընկերության հետ պայմանագիր ունի: Ընկերությունը համայնքին վճարում է, որպեսզի  քաղաքապետարանի կոմունալ բաժինը քաղաքի աղբն Արջուտի աղբավայրի փոխարեն տեղափոխի Դարպասում գտնվող աղբի տեսակավորման կայան, որտեղ այն տեսակավորվում է, եւ պիտանի նյութերն առանձնացվում են: Այս գործընթացից հետո «Քլին լենդ»-ը մնացած աղբը սեփական միջոցներով հասցնում է Արջուտի աղբավայր: Հետաքրքիրն այն է, որ մեր հայտնաբերած աղբը տեսակավորված չէր, քանի որ տեսակավորումից հետո միայն ուտելիքի մնացորդներն են մնում:
Այս իրավիճակից դարպասեցիներն ու համայնքապետը դժգոհում են:  Բացի այն, որ սա բնապահպանական աղետ է, քամին էլ պոլիէթիլենային տոպրակները տարածում է դաշտերով մեկ, դառնում խոշոր եղջերավորների անկման պատճառ: «Սրա վերեւը մեր վարելահողերն են, արոտավայրերը, էս տոպրակները քամին տանում է արոտավայրեր, անասուններն ուտում են, խցանումներ են լինում ստամոքսում, անկումներ են եղել»,-ասում է գյուղապետ Սամվել Ավետյանը: Դարպասեցիները  վախենում են, որ շոգերն ընկնելուն պես ամբողջ գարշահոտությունը տարածվելու է համայնքով մեկ: Այդտեղով է հոսում նաեւ Փամբակ գետը: Այն եւս աղբավայրի է վերածվել: Փաստորեն, աղբատար մեքենաներն այստեղ էլ են հասել:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնում խնդրից տեղյակ չէին: Առաջին անգամ էին լսում: «Դժվար թե մեր վարորդները թափած լինեն: Եթե տարել, տեղ են հասցրել, ինչո՞ւ էին մի քանի մետր այն կողմ դատարկելու մեքենան»,-զարմացավ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետն ու խոստացավ գնալ աղբի հետքերով, պարզել գոյացման պատճառն ու քայլեր ձեռնարկել: Մեզ նաեւ խոստացան խոսել վերամշակող ընկերության հետ:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս