Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպություն:
2014 թվականի ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերից շատերն իրականացվում են շահառու տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե, իհարկե, չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս են բարձրաձայնել մեր համաքաղաքացիները:
Այդ նպատակով ստեղծեցինք նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողով, որում ընդգրկված են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքապետարանի համապատասխան օղակների ղեկավարները:
Այս հանձնաժողովն իր հերթին նպաստեց, որ հաշմանդամներին ուղղված քաղաքային ծրագրերը լինեն առավել նպատակային և արդյունավետ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Նշենք, որ այս տարի թեքահարթակների կառուցման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ նախապես իրականացված հաշվառման արդյունքներով շուրջ 2000 անվասայլակի անհրաժեշտություն կա:
Քաղաքապետը հանդիպել է նաև հաշմանդամ երեխաների ծնողների հետ, զրուցել և լսել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկները: