Երեւան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել,կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այստարվա ծրագրով արդեն բարեկարգված հերթական բակերը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետեւողականորեն կյանքի կոչելու համար՝ Սայաթ-Նովայի 6 եւ Չարենցի 4 շենքերի բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքներն այսօր այլեւս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ եւս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված:
Նա նաեւ հավելել է, որ մայրաքաղաքում նախաձեռնվող յուրաքանչյուր աշխատանք միտված է Երեւանի զարգացմանն ու երեւանցիների միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է բարեկարգված բակերում ու գնահատել կատարված աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ բարեկարգման ծրագրի շրջանակում բակերում բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովվել են:
Բակային տարածքները կահավորվել են ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով եւ նստարաններով, ինչպես նաեւ ապահովվել են գիշերային լուսավորությամբ: Հարկ է նկատել, որ Սայաթ-Նովայի 6 շենքի բակում վերականգնվել ու բարեկարգվել է նաեւ լողավազանը: