ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բազմիցս լսել եմ «տեղեկություն ստանալու իրավունք» արտահայտությունը, եւ ինձ հետաքրքրում է, թե ինչ է տեղեկություն ստանալու իրավունքը: Արդյո՞ք տեղեկություն ստանալու իրավունքի մասին օրենք կա, թե՞ ոչ:

Նարինե Կարապետյան, 59 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից» (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27 հոդված, մաս 2):
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:
Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլեւ տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճենը ստանալու իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

 Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հրաշալի դրույթներ են, թեեւ շատ հաճախ նույնիսկ լրատվամիջոցներին չի հաջողվում հեշտությամբ տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը:  Գոնե զանգվածային լրատվամիջոցների փորձը հուշում է, որ պահանջվող ինֆորմացիան ինչքան «բարդ» լինի, այնքան դժվար կլինի այն ձեռք բերել: Այս առումով շարքային քաղաքացին անհամեմատ ավելի անհուսալի վիճակում է:




Լրահոս