
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 12-ին, Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին եւ ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական եւ ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարեւոր դրական մթոնոլորտի ձեւավորմանը: