Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեմ է բոլոր պատմամշակութային շենքերը քանդելուն: Այս մասին Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի ժամանակ նշեց Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ նման շենքերը պետք է ոչ թե քանդվեն, այլ ապամոնտաժվեն և տեղափոխվեն:
«Աֆրիկյանների շենքը ոչ թե քանդվել է, այլ տեղափոխվել: Համապատասխան մասնագետների հետ միասին ամբողջ քարերը գույքագրվել են ու տեղափոխվել այն վայրը, որտեղ անվտանգ կլինի, մինչեւ «Հին Երևան» ծրագիրն իրականացնեն»,- ընդգծեց նա:
Քաղաքապետը համոզված է, որ ժամանակին ապամոնտաժված ու մինչ օրս չվերականգնված շենքերը կվերականգնվեն «Հին Երեւան» ծրագրի իրականացման ժամանակ:
Այն հարցին, թե փաստորեն նման շենքերը չեն էլ վերականգնվում, և քաղաքում հին շենքեր չեն մնում, քաղաքապետն ասաց. «Պատմամշակութային շենքերն օրենքով էլ իրավունք չունեն քանդելու, բայց կառավարությունը հնարավորություն էր տվել իրացման գոտի ճանաչելուն պես տեղափոխման որոշում կայացնել: Մենք որպես քաղաքային իշխանություն պետք է հետևողական լինենք թե՛ պահպանման, թե՛ հետագայում այդ կառույցների վերականգնման ուղղությամբ», – նշել է նա: