Էդ քֆուրը հնչեց, ու Ռոբերտը պոկվեց մեքենայից. աղջկա պատճառով սպանություն Չարենցավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 25-ամյա բնակիչ Ռոբերտ Գալստյանը մեղադրվում է նույն քաղաքի բնակիչ Վարդան Վարդանյանի սպանության մեջ:

Armlur.am-ը տեղեկացավ, որ մեղադրական եզրակացության համաձայն` Վարդան Վարդանյանի ընկեր Արթուր Խալաֆյանը, 2012թ. հուլիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կարեն Անդրեասյանի ծննդյան արարողությանը: Հրավիրված է եղել նաև վերջինիս ազգական Գրիշա Կոստանդյանը: Խնջույքի մասնակից աղջիկներից մեկի նկատմամբ դրսևորված անհարգալից վերաբերմունքի պատճառով Գրիշա Կոստանդյանը դիտողություն է արել Արթուր Խալաֆյանին, և վիճաբանություն է սկսվել:

Այն շարունակվել է Կարենիսի ձորում, որտեղ Արթուր Խալաֆյանը Վարդան Վարդանյանի և մյուսների հետ խուլիգանական դրդումներով ծեծի են ենթարկել Գրիշա Կոստանդյանին և նրա ազգականներին: Այնուհետև Ռոբերտ Գալստյանն իր ընկերներ Գրիշա Կոստանդյանի, Վահե Ղավալյանի և Արթուր Մարտիրոսյանի հետ հուլիսի 8-ին որոշում են պարզաբանումներ ստանալ Վարդան Վարդանյանից:

Կրկին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ռոբերտ Գալստյանը 19 սմ շեղբի երկարություն ունեցող դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի գլխի ծոծրակային հատվածին` պատճառելով ծոծրակային շրջանի կտրած վերք, այնուհետև որովայնին ` պատճառելով որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք` լյարդի վնասումով, ներքին ու արտաքին սուր արնահոսությամբ:

Ստացած վնասվածքների հետևանքով Վարդան Վարդանյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` սպանություն:

Նշված մեղադրանքով քրեական գործը 2013 թվականի ապրիլից գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Քրեական գործի դատաքննության ընթացում հրապարակվել է Ռոբերտ Գալստյանի նախաքննական ցուցմունքը, որում բառացիորեն ասվում է հետևյալը. «…Վարդանը… սեռական բնույթի լկտի հայհոյանք է ուղղել մորս հասցեին: Այդ պատճառով ես ավելի եմ կատաղել, կորցրել եմ ինքնատիրապետումս, … դանակով … հարվածել եմ Վարդանի որովայնի շրջանին …»:

Ելնելով «ավելի է կատաղել» արտահայտությունից` ամբաստանյալի պաշտպանը` Աշոտ Սարգսյանը, միջնորդել է իր պաշտպանյալին ամբուլատոր դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, ինչը դատարանը բավարարել է:

Դատաքննության ընթացքում ևս ի հայտ եկան բազմաթիվ ապացույցներ, որոնք կասկածի տակ են դնում դեպքի պահին ամբաստանյալի լիարժեք առողջ հոգեկան գործունեությունը:

Դատաքննության ընթացքում վկա Գրիշա Կոստանդյանն ասել է. «Ռոբերտին պատմեցի, ասեցի, որ խփել են, Ռոբերտը ինձ լվացացրել է: Ամառանոցում Ռոբերտը միշտ իմ կողքն է եղել, նեղված էր, ասում էր՝ էս ո՞նց են սենց խփել, հո թուրքի չեն խփել: Ամենաահավոր վիճակում ես եմ եղել՝ քիթս ջարդած, աչքերիս տակն էլ ջարդած, մորքուրներս դե որ տեսան, ահավոր շոկի մեջ էին, Ռոբերտն էլ նույնպես ընկճված էր, իմ հազար տարվա ընկերն ա, տեսել էր, հոգեպես ընկճվել էր»:

Իսկ ամբաստանյալ Ռոբերտ Գալստյանը դատարանում ցուցմունք է տվել՝ նշելով. «Գրիշը լրիվ արյունլվիկ էր, երևում էր, որ ծեծված է շատ ահավոր ձևի: Ես իմ կյանքում էդպես ծեծված մարդ չէի տեսել, այնպիսի տպավորություն էր, որ ծանր վրաերթի են ենթարկվել: Գրիշի ականջից, գլխից արյուն էր գալիս, ջանը՝ արյունոտված, շորերը՝ ճղած, գլուխը՝ ուռած, մի աչքը չէր տեսնում, փակ էր: Մնացածներն էլ էին վատ վիճակում, ոտքի վրա չէին կարողանում մնալ, անընդհատ պառկում էին:

Նույնիսկ մտածում էի՝ Գրիշը կարող է մինչև լույս գոյություն չունենալ… Գրիշն իմ մոտիկ ընկերն է … Վահեի դեմքն էլ էր արյունոտ, շորերը ճղված, արյունոտ: Մյուս տղաներն էլ էին նույն վիճակում: Իմ ընկերներն էլ չլինեին, անծանոթ մարդ լիներ, էլի ծանր կտանեի: Գրիշը ասաց, որ Վարդանը անմիջական մասնակցություն է ունեցել իրենց ծեծելուն»:

Իսկ վկա Արթուր Մարտիրոսյանն էլ դատարանում հայտնել է.«Գնացել, նստել ենք մեքենան, էդ ժամանակ էդ քֆուրը հնչել ա, Ռոբերտը միանգամից պոկվեց մեքենայից, ես չհասկացա էլ, վարկյաններ տևեց, ակնթարթ, միանգամից պոկվեց ու տեղի ունեցավ էդ միջադեպը… Էդ ժամանակահատվածում Վարդանը Ռոբերտի դիմացն էր կանգնած, էդ քֆուրը տվեց, Ռոբերտը ասեց՝ հերիք ա մեր քրֆես, հնչեց Վարդանի պատասխան քֆուրը, ու էդ ժամանակ Ռոբերտը դուրս թռավ … Վարդանը հայհոյում էր, Ռոբերտը ասեց հերիք ա մեր քրֆես, ու կոնկրետ Ռոբերտի հասցեին տեղի ունեցավ էդ հայհոյանքը, Ռոբերտը անակնկալ մեքենայից դուրս թռավ ու տղերքը գոռացին խփին, խփին»:

Փորձաքննության եզրակացությունը կհրապարակվի վաղը կայանալիք դատական նիստին` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:




Լրահոս