ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՉԵՆ ԿՈՒՏԱԿՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ

Կորեայում երիտասարդացման ու ցողունային թերապիայի կուրս անցնելուց հետո Սերժ Սարգսյանն առաջինն այցելել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ խոսել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Նա հանձարարել էր ոլորտի պատասխանատուներին «առանց զլանալու եւ համբերատարությամբ» հասարակությանն իրազեկել, թե ինչքան արդյունավետ է այն: «Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, եւ սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին»,-ասել էր նա:

Այս համակարգի ճշմարտացիությունն ապացուցելու, թերեւս, բավական լավ մեթոդ կա: Օրինակ` տրամաբանական կլիներ, եթե կամավորության սկզբունքով կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվեին նաեւ իշխանության` մինչեւ 1974թ. ծնված ներկայացուցիչները, այսինքն` նրանք, ում վրա օրենքի պարտադիր բաղադրիչը չի տարածվում: Համաձայնե՛ք, եթե ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ նախարարներն ու իշխանական թեւի պատգամավորները համատեղ դիմեին այդ քայլին, ապա հասարակական ռեակցիան գուցե այլ կլիներ: Իշխանությունների խոսքերը շատ ավելի համոզիչ կլինեին, եթե 1974թ. հետո ծնված ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները ժամանակին, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը գործում էր կամավորության սկզբունքով, իրենք օգտվեին այս հնարավորությունից: Այնինչ, երիտասարդները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, դեմքի անմեղ արտահայտությամբ, փորձում էին համոզել` կենսաթոշակային տարիքի անցնելն իրենց համար շատ հեռու է թվում, եւ իրենք չեն մտածել այդ մասին:
«Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն են կամավորության սկզբունքով օգտվում կուտակային կենսաթոշակային համակարգից: Իսկ ահա մինչեւ 1974թ. ծնված մյուս պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խուսափում են: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքը նույնիսկ սովորական կենսաթոշակից է հրաժարվել: «Ես ի՞նչ իմանամ` ով է օգտվում, ով՝ ոչ: Դա մարդու իրավունքի խնդիր է»,-մյուս պաշտոնյաների մասին ասաց պարոն Սահակյանը:
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե ինքը կուտակային կենսաթոշակային համակարգից չի օգտվում մեկ պատճառով. «Չմոռանանք, որ պարտադիրի դեպքում պետությունը մասնակցություն է ունենում, իսկ կամավորության սկզբունքի դեպքում մասնակցություն չի ունենում, դրա համար էլ կամավոր քչերն են դիմում»: Ավելին, Ս. Ավետիսյանը նաեւ հավելեց, թե ինքն իր կենսաթոշակի մասին չի էլ մտածում, բայց որպես ԱԺ պատգամավոր` պարտավոր է մտածել ուրիշների մասին: «Ես մտածում եմ սերունդների կենսաթոշակի մասին ու գտնում եմ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակը ճիշտ է»,-փորձեց արդարանալ նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Տաճատ Վարդապետյանն էլ նշեց, թե կուտակային կենսաթոշակային համակարգը դեռ նոր է: Սակայն հավելեց, թե հատկապես այն բանից հետո, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին հնչեղությունը մեծացավ, ինքը մտածում է դրանից օգտվելու մասին: Իսկ Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց` օրերս կառավարությունում խորհրդակցություններից մեկի ժամանակ հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, խոսել նրա հետ, իմացել, որ կամավորության սկզբունքով ինքն էլ կարող է օգտվել այս համակարգից, ու առաջիկայում պատրաստվում է գնալ այդ քայլին:
Մինչ այդ, երեկ տեղեկացանք, որ ՀՀԿ-ական երկու նախարարի` Արմեն Աշոտյանի ու Դավիթ Սարգսյանի, ինչպես նաեւ` ՀՀԿ-ական 13 պատգամավորի` Էդուարդ Շարմազանովի, Հովհաննես Սահակյանի, Կարեն Ավագյանի, Արթուր Գեւորգյանի, Հայկ Գրիգորյանի, Արտակ Զաքարյանի, Նաիրա Կարապետյանի, Արփինե Հովհաննիսյանի, Մարինե Մարաբյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Արման Սահակյանի, Արթուր Ստեփանյանի, Սամվել Ֆարմանյանի, ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանի ու Կարեն Բոթոյանի համար կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելը դարձել է պարտադիր:
Այսպիսով՝ ՀՀԿ-ի երիտասարդները հուշում են, ծերերը պարտադրում սերունդներին: Ինչ-ինչ, բայց ՀՀԿ-ի մոտ պարտադրելը լավ է ստացվում:
Հ.Գ. Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «ՀՀ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարների միանվագ կատարելու պարտավորությանը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԶԻՆՎՈՒՄ ԵՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ սառնարանների համար նախարարությունը տրամադրելու է 1.5 մլն դրամ` յուրաքանչյուրը 150 հազար դրամով: Նախարարությունը ցանկանում է գնել նաեւ 3 հատ փոշեկուլ` յուրաքանչյուրը 19 հազարով, ինչպես նաեւ` արդյունաբերական վառարան` 1 մլն 200 հազար դրամով: Իսկ ահա 150 հազար դրամ էլ նախարարությունը տրամադրելու է ծննդյան տոնի բացիկներ գնելու համար: Եվ այս ամենը` ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

 

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը վարչապետի հրաժարականի հարցով շահագրգռված անձանց խորհուրդ էր տվել սթրեսներից զերծ մնալու համար սառը ջուր խմել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե վարչապետը հրաժարական պետք է տար դեռ իր նշանակման հաջորդ օրը` «երբ իմացավ, թե ինչ ծրագիր պիտի ներկայացնի»: Իսկ սառը ջուր խմելու մասին հորդորներին ի պատասխան՝ նշեց. «Ես բոլորին խորհուրդ կտամ գոլ ջուր խմել, արեւի ջուր, որովհետեւ սառից կարող են մրսել, իսկ տաք ջուրն էլ կարող է բերան վառել»:

 

ՈՍԿԵ ՄԻՋԻՆ

ԲՀԿ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին. այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, թե իրենց համագումարին հրավիրված չէ որեւէ քաղաքական ուժ` ո՛չ ընդդիմությունից, ո՛չ իշխանությունից: ԲՀԿ-ի այս կեցվածքը, թերեւս, պատահական չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ հարաբերություններն այլեւս այն չեն. ակնհայտ է, որ հրավերի դեպքում Սերժ Սարգսյանը չէր մասնակցի համագումարին, ուստի ԲՀԿ-ն չէր կարող հրավեր ուղարկել ու մերժվել: Մյուս կողմից նա չէր կարող նաեւ չհրավիրել Ս. Սարգսյանին, փոխարենը հրավիրել ընդդիմադիր ուժերի. այս դեպքում էլ լրացուցիչ ընդդիմադիր երանգները կխանգարեին «այլընտրանք» կուսակցությանը: Ու հիմա ԲՀԿ-ն այսպես գտել է ոսկե միջինը` «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» տարբերակով:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ, ԲԱՅՑ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՐ

Հայտնի քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոն (Իսրայել Սարգսյան) Կենտորն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը: Այսպիսով, նախնական վարկածի համաձայն՝ Թեւոսիկի եղբորը կրակել է 48-ամյա Մովսեսը (նրան շրջապատում Մոսո են ասում), իսկ Իսոն էլ սպանել է Մոսոյին ու մտցրել խողովակի մեջ: Նախաքննությունը դեռ շարունակվում է:

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԳԱԶԻ ՈՐԱԿԻ ՀԱՐՑՈՎ

Գազի կալորիականությունը չափելու նպատակով ֆիզիկոսներից, քիմիկոսներից եւ հարակից ոլորտների ինժեներներից կազմված նախաձեռնող խումբ է ստեղծվելու: Այս մասին NEWS.am-ին ասել է ֆիզիկոս, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը: Նրա խոսքով` բոլոր լաբորատորիաները, որոնք գազի կալիորականոթյան վերաբերյալ ստուգումներ են անցկացնում, «Հայռուսգազարդ»-ին պատկանող կամ նրանից կախում ունեցող լաբորատորիաներ են: «Այդ պատճառով մենք խնդիր ենք դրել մեր առջեւ ստուգել գազի որակը եւ ճշգրիտ պատասխան տալ հանրությանը»,-ասել է ֆիզիկոսը:

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նախօրեին Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել բռնությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս հայտարարությունը պայմանավորված է եղել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի` դրան նախորդած անվայելուչ ձեւակերպումներով բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Լինդի հասցեին, որը Արցախում ներկա է եղել հարսանեկան արարողության եւ «Գարդիան» պարբերականում կիսվել Արցախ կատարած այցելության տպավորություններով:

 

ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԵՄ 28 արտգործնախարարների հանդիպման ընթացքում կքննարկվի Արեւելյան գործընկերության երկրների վերաբերյալ նոր փաստաթուղթը: «Ազատության» տեղեկացմամբ` փաստաթղթում ներկայացված է Արեւելյան գործընկերության 6 երկրների հնարավոր ապագան: ԵՄ անդամները նաեւ ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ ընդգծում են, որ Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ միջոցներն «անընդունելի են»: Մեծ տեղ է հատկացված Վրաստանի եւ Մոլդովայի մասով առաջարկներին, որոնք, ինչպես հույս ունեն ԵՄ երկրները, ասոցացման պայմանագիր կստորագրեն մինչեւ օգոսոտս: Փաստաթղթում կան նաեւ նոր գաղափարներ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի վերաբերյալ: Տեքստում առաջարկություն կա Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (Partnership and Cooperation Agreement) արդիականացման մասին, որը ներկայումս կարգավորում է հարաբերությունները ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ:

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` երեկ տարածած հայտարարությունում ասվում է, որ օմբուդսմենը, քաղաքապետարանի ներկայացրած տրանսպորտի սակագնի հաշվարկներից բացի, կարիք է տեսնում նաեւ այլ` այլընտրանքային հաշվարկների. «Մինչ օրս Հանձնաժողովում ծախսերի այլընտրանքային որեւէ ամբողջական հաշվարկ-հիմնավորում չի ներկայացվել, ինչն էլ հետագայում կարող է տրանսպորտի սակագնի փոփոխման պատճառ հանդիսանալ, մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ այլ հաշվարկների առկայության դեպքում կարելի է խուսափել բարձր սակագնից»:

 

ՊԱՏԱՍԽԱՆ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` փետրվարի 6-ին «մարտական առաջադրանքը կատարելիս դիպուկահար կրակոցով» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Ֆ. Գուլիեւը: Ադրբեջանի ՊՆ պնդմամբ` զինվորը զոհվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով: Զոհված զինծառայողը Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովի հրամանով հետմահու պարգեւատրվել է մեդալով: Այս կապակցությամբ, սակայն, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե հայկական կողմը որեւէ առնչություն չունի ադրբեջանցի զինվորի մահվան հետ. «Ներքին խնդիրների պատճառով ադրբեջանցի զինվորին հետմահու պարգեւատրում են հայերի դեմ կռվելու համար, որպեսզի թաքցնեն իրենց բանակի իրական պատկերը»:




Լրահոս