ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ՏՎԵՑԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքնագլուխ չէ գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի համաձայնությունը:
Եվ այսպես, 2012թ. մայիս եւ հունիս ամիսներին «Բանակում անարդարություններին` ոչ» նախաձեռնության կողմից բաց նամակներ էին տարածվել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ում հայտնաբերվել է հնդկական գոմեշի սառեցված միս: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն) եւ 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք):
ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնում գտնվող գործով մեղադրանք առաջադրվեց 5 հոգու` Կապանի «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի (վերջինս զորամասի կարգավիճակ ունի) պետին (փոխգնդապետ, որը, փաստորեն, զորամասի հրամանատար է), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորին, նույն զորամասի պահեստարանի պետ ենթասպային, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետին (փոխգնդապետ):
Բայց սրանով չավարտվեց ամեն ինչ: Գոմեշի մսի գործով շատ «ջրեր հոսեցին», եւ 2012-ի սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին: Չնայած պաշտոնապես ազատման ոչ մի պատճառ չնշվեց, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, պատճառը գոմեշի մսի պատմությունն էր:
Իսկ ինչո՞վ ավարտվեց գոմեշի մսի սկանդալը. ավանդաբար «խոշոր ձկները» մնացին ազատության մեջ, իսկ «մանրերը» պատժվեցին՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելով: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը, ավելին, ՊՆ- ի համար էլ 150 տոննա տարողությամբ սառնարան է կառուցել: Այժմ ե՛ւ գործարարը, ե՛ւ 4 սպաները, որոնք նախկինում կալանքի տակ էին, նախաքննության ավարտական փուլում ազատ են արձակվել ստորագրությամբ՝ քաղաքից չբացակայելու պայմանով:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց բանակին գոմեշի միս մատակարարած գործարար Ալբերտ Օհանջանյանի հետ:
-Պարո՛ն Օհանջանյան, Դուք պարտավորվել էիք տավարի ոսկրոտ միս վաճառել բանակին, սակայն դրա փոխարեն տրամադրել եք գոմեշի մսի բրիկետներ: Ի՞նչ դրդապատճառներով գնացիք այդ քայլին:
-Գոմեշի միսը հո օձի մի՞ս չէ, ողջ հանրապետությունում օգտագործում են, երշիկի գործարանները, բաստուրմա, տուշոնկա, այդ բոլորը գոմեշի մսով է: Ուղղակի այստեղ գնային տարբերությունն էր, ու պրոբլեմ առաջացավ այն ժամանակ, որ տավարի ոսկրոտ մսի քանակով բանակին չկարողացանք ապահովել ու դրանից բերել տվեցինք: Հո չէի՞նք բերել թունավորելու:
-Այսինքն՝ խնդիրը միայն քանա՞կն էր:
-Այո՛, բայց ես հո դա ինքնագլո՞ւխ չեմ արել: ՊՆ համապատասխան մարդկանց գրավոր թույլտվությամբ եմ այն տվել իրենց:
-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ «ՊՆ համապատասխան մարդիկ» Ձեզ թույլ տվեցին գոմեշի միս մատակարարել, ու գլխավոր մեղադրյալի աթոռին միայն Դուք հայտնվեցիք:
-Չգիտեմ, դրա համար էլ, երբ ինձ հարցրին, ես իրենց ասացի, որ գնացե՛ք, իրենց հարցրե՛ք, իրենք են թույլատրել: Ես իմ ձեռքով զորամաս չեմ տարել, իրենք են եկել ու տարել: Չգիտեի՞ն, թե ինչ են տանում:
-Նշեցիք, թե գրավոր դիմել եք ՊՆ համապատասխան մարդկանց: Կասե՞ք, թե ում նկատի ունեք:
-Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր:
-Կատարվածից հետո հանդիպե՞լ ենք իրեն:
-Ո՛չ, չեմ հանդիպել:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությանը հասցված վնասը փոխհատուցել եք եւ անգամ 150-տոննայանոց սառնարան կառուցել եւ հանձնել ՊՆ-ին, հնարավո՞ր է՝ այս ամենից հետո Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվի, քրեական գործն էլ կարճվի:
-Դե մենք էլ ենք սպասում, կարծում եմ, որ միգուցե հնարավոր լինի: Ինչ էլ ասել են, արել ենք, պայմանագիրը կապել ենք, ըստ պայմանագրի՝ պետությանը հասցված վնասի փոխհատուցումը կատարել ենք: Ավելին, ըստ ՊՆ պայմանագրի՝ անկախ սառնարանների կառուցման գումարի չափից՝ պետությանը հասցված վնասը պետք է փոխհատուցվի. դա էլ ենք արել:
-Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք:
-Ո՞նց չեմ զգում, պայմանագիրը ում հետ կապել էի, իրեն պետք է դիմեի: Իհարկե, այդ պահին մեղավորությունս չեմ զգացել:
Մեզ մնում է հիշեցնել 2012թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի խորհրդակցությունից մի դրվագ, որտեղ նա, անդրադառնալով գոմեշի մսի պատմությանը, զարմանք էր հայտնել, թե ինչ է նշանակում, որ գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է «պարտք» վերցնում մատակարարից: Ասվածը գեներալ Արշալույս Փայտյանի մասին էր, սակայն թե ինչ «պարտքի» մասին է խոսքը, չնշվեց: Բայց դա միակ «արատը չէր»: Պարզվում է, որ գեներալ Փայտյանի թույլտվությամբ նաեւ բանակին գոմեշի միս է մատակարարվել, ինչի համար «գլխից պետք է բռնել մեծերին» արտահայտության հեղինակ Սերժ Սարգսյանը բավարարվեց միայն նրանց աշխատանքից հեռացնելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՃԱԿՈՅԻ ԲԱՐԵԿԱՄԸ

Դեռեւս 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվեցին 16 անձինք, որոնք բոլորն էլ մեղադրվում էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նրանցից 11-ը հետագայում ազատ արձակվեցին: Ձերբակալվածներից Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, հունվարի 15-ին տեղի ունեցած դատական հերթական նիստից հետո դիմել է գլխավոր դատախազություն` որդուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից հոգեբուժարան տեղափոխելու համար: Եթե գլխավոր դատախազությունը իրենց խնդրանքին դրական չարձագանքի, Քյարամի մայրը եւ փաստաբանը պատրաստվում են դիմել Եվրադատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քյարամ Ամոյանը ազգությամբ եզդի, քրեական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Եզդի Ճակոյի քրոջ որդին է: Հիշեցնենք` Ճակոն 1990-ականներին հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող Ռազմիկ Ամոյանն է, որն իր մականունը` «Ճակո», ստացել է զենքերի նկատմամբ մեծ սեր ունենալու հետեւանքով: «Ճակո» եզդիերենից թարգմանաբար նշանակում է զենք: Նա սպանվել է 1994թ. 21 տարեկան հասակում Զեյթունի շուկայի դիմաց` իր մեքենայում:

 

«ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ»-Ն ՏՈՒԳԱՆՎԵՑ

Դեռեւս 2011թ. տեղեկություններ էին տարածվել, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Սպայկա» ընկերության դեմ: Պատճառը շփոթության աստիճան նման անվանումով արտադրանք թողարկելն էր. «Սարգիս Կարոլինա»-ն արտադրում է «Արարատ ֆրութ» ապրանքատեսակը, իսկ «Սպայկա»-ն՝ «Արարատ ֆուդ»: Սա դեռ վերջը չէ. 2013թ.-ին էլ տեղեկություններ տարածվեցին, որ «Սարգիս Կարոլինա»-ն շատ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, սակայն ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանը հայտարարեց, թե նման բան չկա: «Մեր ընկերությունը չի թուլացել, ավելին, այն ծաղկում է, դրա վառ ապացույցը մեր գործունեության լայն ծավալներն են, հարկերի վճարումը»,-նշել էր նա` հավելելով, որ ընկերությունը Ռուսաստանում եւ Վրաստանում հիմնել է ներկայացուցչություն, որոնք ինտենսիվ զբաղվում են հյութերի եւ պահածոների վաճառքով:
Բայց դա չի խանգարում Ս. Թարվերդյանին օրինախախտում թույլ տալ եւ անհարմար վիճակում հայտնվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի անվամբ տնօրեն Սարգիս Թարվերդյանը ՌԴ-ից Հայաստան է ներմուծել 20706 կգ ընդհանուր քաշով ալկոհոլային խմիչքներ, որոնք այդպես էլ սահմանված ժամանակին մաքսային մարմին չեն հասցվել: Արդյունքում՝ Ս. Թարվերդյանը տուգանվել է 100 հազար ՀՀ դրամով:

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանում կարող է առավելագույնը մինչեւ 1,5 տոկոս գնաճ առաջացնել»:

Վահրամ Ավանեսյան 1in.am
Նախ՝ էկոնոմիկայի նախարարի, հետեւաբար եւ՝ կառավարության ներկայացրած թվաբանությանը վաղուց արդեն ոչ ոք չի հավատում, քանի որ բազմիցս արձանագրվել է թվերի անհամապատասխանությունը: Սակայն եթե նույնիսկ գնաճը ընդամենը 1,5 տոկոս կազմի, ամեն դեպքում դա գնաճ է եւ խփելու է քաղաքացու գրպանին: Եվ այստեղ կրկին նույն հռետորական հարցն է առաջանում. ո՞րն է ՀՀ-ի՝ Մաքսային միություն մտնելու առավելությունը, ինչո՞վ է դա շահեկան եւ ո՞ւմ է շահեկան: Պարզագույն տրամաբանությամբ՝ եթե շահեկան է ժողովրդի համար, ապա առնվազն պետք է լիներ գնանկում, այլ ոչ թե գնաճ:
«Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը շատ որոշակի հարցերի կապակցությամբ»:

Գարեգին Նուշիկյան 168.am
Ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ական պատգամավորն իրականում կողմ էր ոչ իշխանական չորս ուժերի՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը եւ այս հարցում չի կիսում իր կուսակիցների կարծիքը: Տրամաբանորեն Նուշիկյանը պետք է ոչ թե ձեռնպահ, այլ կողմ քվեարկեր, եթե իշխանական ճամբարի ներկայացուցիչներն ունենային սեփական կարծիքն ամբողջովին ազատ արտահայտելու հնարավորություն: Բայց այդ հնարավորությունը, փաստորեն, չկա, եւ սեփական կարծիք ունենալիս ՀՀԿ-ականը լավագույն դեպքում կարող է ձեռնպահ քվեարկել:
«Ոչ մի երկրի, այդ թվում նաեւ ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը պահանջում է երկար եւ հետեւողական պայքար, ինչպես նաեւ, առաջին հերթին, մտածողության փոփոխություն»:

Արմեն Աշոտյան Edu.am
ՀՀԿ-ականներին որքան հիշում ենք, հետեւողականորեն «պայքարում» են կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիան Հայաստանում այդպես էլ համառորեն չի վերանում: Երեւի այն պատճառով, որ «պայքարում» են հենց ամենակոռումպացված կառույցներն ու գործիչնե՞րը: Ինչեւէ, արդյունք չունենալու պարագայում ԿԳ նախարարը, այնուամենայնիվ, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարին պետք է ինչ-որ ձեւով արդարացնի իրենց «պայքարը»: Եվ այստեղ օգնության է գալիս մարդկանց մտածողության փոփոխությունը, որի ուղղությամբ կարելի է հավերժ աշխատել՝ ազատվելով սեփական մեղքի մասնաբաժնից:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս