ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԱԿԱՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Լոլիկի եւ վարունգի ներմուծումը լուրջ վնաս է հասցնում հայ ֆերմերներին: Լոլիկի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, քանի որ հայկական շուկան արդեն լցվել է ներկրված թուրքական լոլիկով: Խնդիրն այն է, որ ներկրված լոլիկն էժան է, եւ տեղական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով չի կարողանում մրցակցել թուրքականի հետ: Իսկ ձմռան ամիսներին բարձր ինքնարժեքի 90 տոկոսը կազմում է գազի վարձավճարը:
Այս օրերին շուկայում ներկրված լոլիկի 1 կգ-ի արժեքը 650-700 դրամ է, ինչի պատճառով հայ ֆերմերները եւս ստիպված են իրենց արտադրանքը նույն գնով վաճառել: ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի` ծանր վիճակում հայտնված ֆերմերները նշում են, որ արդեն մի քանի տարի է` իրենք բախվում են այդ խնդրին: Սակայն ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի շահերի պաշտպանության ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում: Խնդիրն առավել սրվել է հատկապես այս տարի` կապված գազի սակագնի թանկացման եւ աննախադեպ ցուրտ եղանակային պայմանների հետ:
«Մեր ֆերմերներն ինչպե՞ս էժան գնով վաճառեն, եթե գազի սակագինը տարեցտարի բարձրանում է: Եթե մեր կառավարությունը փորձի գոնե ինչ-որ չափով բարելավել ֆերմերների պայմանները, լավ կլինի: Բայց արի՛ ու տե՛ս, որ ամեն ինչ հակառակն է լինում. անհասկանալի ու մեզ բոլորովին անծանոթ պայմաններում աճեցված թուրքական լոլիկը, որը տեսքից բավականին ախորժելի է երեւում, մեծ տեղ է գրավում շուկայում»,-վրդովվեց Ջերմատնային ասոցիացիայի վարչության նախագահ Պողոս Գեւորգյանը:
Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ թուրքական լոլիկը հայկական շուկա է հասնում նման մատչելի գնով: Այս հարցի հետ կապված՝ մեր զրուցակիցը ներկայացրեց ուշագրավ նկատառումներ. «Մեր գործարարները թուրքական լոլիկը Վրաստանից ձեռք են բերում 1 կգ-ն 470 դրամով, 60 դրամ արժե տեղափոխումը, բացի այդ՝ պետք է 32% հարկեր ու մաքսեր վճարեն մաքսազերծման համար: Այսինքն` 429 դրամ միայն մաքսազերծում է պահանջում: Ստացվում է, որ ներմուծվող թուրքական լոլիկի ինքնարժեքը 959 դրամ է, այնինչ մեր մեծածախ շուկայում այն վաճառվում է 650-700 դրամով: Սա նշանակում է, որ կա անազնիվ մրցակցություն: Իսկ եթե տեղական լոլիկն էլ 650-700-ով շարունակեն վաճառել, ապա լուրջ վնասներ կկրեն մեր ֆերմերները»:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի հետ` պարզելու, թե արդյոք այս իրավիճակում ԳՆ-ն քայլեր կանի` աջակցելու համար հայ ֆերմերներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշեց. «Դրսից ներմուծելու խնդրում ԳՆ-ն որեւէ արգելք չի կարող ստեղծել: Մենք առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք եւ չենք կարող արգելել դրսից որեւէ մթերքի, այլ ապրանքատեսակի մուտքը մեր երկիր: Գյուղմթերքի արգելք կարող է դրվել այն դեպքում, երբ դա բուսասանիտարական կամ սննդամթերքի անվտանգության առումով խնդիրներ է առաջացնում: Շուկայում թանկ ինքնարժեքով ապրանքը, բնականաբար, առանձնապես մրցունակ չի կարող լինել: Մյուս կողմից էլ նկատենք, որ մեր ժողովրդի վճարունակությունը ցածր է, եւ ոչ բոլորը կարող են բարձր գներով այս ժամանակահատվածում բանջարեղեն գնել»:
Իսկ Հայաստանի ագրարային միության նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է, որ բողոքի այս ալիքն ուղիղ կապված է գազի բարձր սակագնի հետ: «Այս բողոքը պետք է լիներ, ես դա համարում եմ օրակարգային եւ տեղին: Հարկավոր է ուշադրություն դարձնել՝ արդյոք իրատեսական է գազի գինը, եւ հնարավո՞ր չէ այն կանոնակարգել: Կարծում եմ՝ մենք պետք է գնանք առաջ, տեխնիկապես վերազինվենք, ավելի քիչ էներգակիրներով ջերմոցներ ունենանք: Բնագավառն այսօր գազի գնով խեղդելը գտնում եմ անընդունելի: Այս հարցը չէր բարձրանա, եթե մեր արտադրողը մրցունակ չլիներ»,-նկատեց Բերբերյանը` ցավով նշելով, որ նոր ջերմատներ ստեղծելու փոխարեն մեր ֆերմերները դադարում են այդ գործով զբաղվել եւ գերադասում են արտագաղթել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ
ՍԿՍՎԵՑ…
Երեկ՝ փետրվարի 7-ին, ժամը 20:14-ին, Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացավ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը գրեթե երեք ժամ իր վրա էր սեւեռել համայն աշխարհի ուշադրությունը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի ողջույնի խոսքից հետո մասնակիցներին դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը… Օլիմպիական օրհներգը կատարեց հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն։ Բացման շքերթին մասնակցեց 88 երկրի (այդ թվում՝ Հայաստանի) պատվիրակություն, ինչը ռեկորդային է. օրինակ՝ Վանկուվերում շքերթին մասնակցեց 82 երկրի թիմ։ Վերջում հնչեցին 3500 համազարկեր… Ընդհանուր առմամբ, շոուին մասնակցեց 12 հազար մարդ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում, ավելի ստույգ՝ ԽՍՀՄ-ում, առաջին, ճիշտ է՝ ամառային, օլիմպիական խաղերը կայացել են 1980թ., երբ շատ երկրներ ԱՄՆ-ի հրահանգով չժամանեցին Մոսկվա։ Հիմա, կարծես թե, ամեն ինչ նորմալ է. եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչների բոյկոտի կոչը մնաց անարձագանք։
Հիշեցնենք, որ հայ մարզիկներից առաջինը մրցասպարեզ դուրս կգա աշոցքցի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Նրա պայքարի մեկնարկը կտրվի վաղը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 14-ին, 15 կմ+15 կմ երկու մրցաձեւ ներկայացնող սկիաթլոն մրցավազքում:
ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՎՍՏԱՀ Է
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին վստահություն է հայտնել, որ Սոչիում ամեն ինչ արվել է` ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների ու հյուրերի անվտանգությունն ապահովելու համար. «Ես վստահ եմ, որ բոլորը, ովքեր ուզում են ներկա լինել օլիմպիական խաղերին, անպայման պետք է ժամանեն Սոչի: Ես կարծում եմ, որ այնտեղ անվտանգ է»: Քերրին նաեւ հավելել է, որ օլիմպիական խաղերի անվտանգության հարցերով ԱՄՆ-ը ակտիվորեն համագործակցում է ռուսական կողմի հետ: Մասնավորապես, խաղերի ընթացքում Սոչիում կլինեն ամերիկյան 140 մասնագետներ դիվանագիտական ու ուժային տարբեր գերատեսչություններից:
ՀԱՂԹԵՑ ՉԵՊԱՐԻՆՈՎԸ
Ավարտվեց Ջիբրալթարի՝ 256 մասնակից ունեցող շախմատային օփենը, որում հանդես էին գալիս նաեւ Հայաստանի հավաքականի երկրորդ համար, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսեսյանը, բրազիլահայ շախմատիստներ՝ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, ինչպես նաեւ նորվեգահայ Երազիկ Խաչատուրյանը:
Կայացած 10 տուրերից հետո Մովսեսյանը վաստակեց 7, Մխիթարյանը՝ 6, Բրուտյանը՝ 5.5, իսկ Խաչատուրյանը՝ 4 միավոր: Սերգեյ Մովսեսյանը զբաղեցրեց մրցաշարի 18-րդ, մյուսները, համապատասխանաբար, 63-րդ, 101-րդ եւ 187-րդ հորիզոնականները:
Վասիլի Իվանչուկը, Նիկիտա Վիտյուգովը եւ Իվան Չեպարինովը հավաքեցին 8-ական միավոր: Նրանց միջեւ կայացան արագ շախմատի լրացուցիչ մրցումներ, որոնց արդյունքում հաղթող հռչակվեց բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԻ ՑՐՏԻ
Առաջիկա օրերին հարավից Հայաստանի տարածք կթափանցեն տաք հոսանքներ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոն»-ի պետի տեղակալ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ փետրվարի 5-ից ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, ինչը կշարունակվի մինչեւ փետրվարի 12-ը՝ օրական մեկից երկու աստիճան բարձրանալով: Բացի այդ՝ նա նկատեց, որ այն օրերին, երբ Արարատյան դաշտավայրում եղանակը ցուրտ էր, Տավուշում օդի ջերմաստիճանը հասել էր պլյուս 16-ի. «Փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում էլ էր ջերմաստիճանը իջել: Ամենացուրտ եղանակը Աշոցքում է եղել, իսկ ձյան ամենահաստ շերտը գրանցվել է Ապարանում»: Այն հարցին, թե գարնան ամիսներին ինչ եղանակ է կանխատեսվում, մասնագետը պատասխանեց, թե դեռ կանխատեսումներ չկան: Սակայն շտապեց ուրախացնել, որ առաջիկայում ջերմաստիճանի անկում չի սպասվում:
ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, որ դեռեւս չի քննարկվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորի հարցը: Նրա խոսքով՝ ռեկտորի պաշտոնի մասին խոսվել է նույնիսկ այն ժամանակ, երբ նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի դին դեռ հողին հանձնված չէր: «Չի կարող ռեկտոր ընտրվել այն ժամանակ, երբ այդ մարդու մարմինը դեռ հողին հանձնված չէ: Պետք է մի քիչ բարոյական լինել»,-կոչ արեց նախարարը: Հիշեցնենք, որ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնն Արմեն Մազմանյանի մահից հետո թափուր է:
ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ
Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաեւ այն, որ հանրապետության ողջ տարածքում ծառայությունների մատուցման համար 635-ի փոխարեն անհրաժեշտ կլինի շուրջ 1000 անասնաբույժ: Ի դեպ, արդեն մշակվել եւ կառավարության քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որը կանոնակարգում է անասնաբույժների գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը: Մասնավորապես առաջարկվում է, որ վերջիններս լինեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցի հաստիքային աշխատողներ եւ ապահովեն օրենքով սահմանված բոլոր պարտադիր ծառայությունների մատուցումը: