ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Դիլիջանում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Դիլիջան` միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներին ծանոթանալու: Ըստ վարչապետի` դպրոցի բացումը կբարձրացնի Հայաստանի համբավը: Թերեւս ոչ թե այն պատճառով, որ այն կառուցվում է սահմանամերձ Տավուշի մարզում, այլ որովհետեւ դպրոցի շինաշխատանքները ֆինանսավորում է վարչապետի մտերիմ ընկերը` գործարար Ռուբեն Վարդանյանը: Մինչդեռ լավ կլիներ, որ ՀՀ վարչապետը, PR քայլերից բացի, սահմանամերձ Տավուշի գյուղեր գնար` տեղում ծանոթանալու նրանց ապրելակերպին եւ հետաքրքրվելու, թե ինչպես են ամենօրյա գնդակոծությունների պայմաններում շարունակում ապրել ու մնալ լավատես:

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ապրում եմ կնոջս եւ որդուս հետ: Ցանկանում եմ ինձ պատկանող անշարժ գույքը կտակել որդուս: Ուզում եմ իմանալ՝ արդյոք պարտադիր է նոտարին ներկայացնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք հաստատող փաստաթուղթը: Եվ խնդրում եմ ասել, եթե անձը ցանկանում է լիազորագրով իրեն տրված լիազորությունները վերալիազորել այլ անձի, ապա կարո՞ղ է անձամբ որոշել վերալիազորագրի ժամկետը, թե ոչ:

Հրաչ Մկրտչյան (53 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կտակը վավերացնելիս կտակարարից կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ չեն պահանջվում: Նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկ կամ մի քանի անձանց անունով: Իսկ ինչ վերաբերում է վերալիազորման ժամկետներին, ապա նշենք, որ ո՛չ, վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը:
ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, յուրաքանչյուր գործարք կատարելուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ օրենքի բոլոր կետերին՝ հետագա անախորժություններից խույս տալու համար:

 

 

ՀԱՐՑ. Վերջերս մի հաղորդման մեջ խոսվում էր «Կոկա-կոլա»-ի մասին: Արձանագրեցին, որ այս ըմպելիքն իրենից թույն է ներկայացնում եւ առողջությանը մեծապես վնաս է հասցնում: Ինձ մի հարց է հետաքրքրում. ինչո՞ւ սննդամթերքի ծառայությունը չի արգելում այս «գազավորված թույնի» վաճառքը: Մի՞թե չկա վերահսկող մարմին, որն արգելի դրա սպառումը:

Հենրիկ Զաքարյան (53 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի հոդվածի՝ վտանգավոր է այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար եւ ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու եւ մատուցվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի եւ առողջության համար: Ըստ նույն օրենքի 6-րդ հոդվածի՝ սննդամթերքի արտադրություն թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում, իսկ տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատում է ՀՀ կառավարությունը:
Քանի որ «Կոկա-կոլա» ապրանքանիշի արտադրությունն ու իրացումը բավարարում է սննդամթերքի ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, ուստի այն չի կարող վտանգավոր լինել մարդու առողջությանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2013թ. ստուգումներ է իրականացրել գազավորված ըմպելիքների շուկայում, մասնավորապես «Անի կոլա», «Պեպսի», «Կոկա-կոլա», «Հայ-կոլա», «էքսպո կոլա», «Լիդեր կոլա», ապրանքանիշեր արտադրող ընկերություններում: Այդ ըմպելիքներից միայն 2-ի մոտ չեն հայտնաբերվել խախտումներ, որից մեկը «Կոկա-կոլա»-ն է: Մյուս բոլոր զովացուցիչ ըմպելիքները հավելումների մասով ունեցել են շեղումներ, ինչի համար արտադրող ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս պահին խախտումները վերացված են:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ առողջությանը վերաբերող հաղորդումները մի բան են պնդում, իսկ վերահսկող մարմինները՝ ճիշտ հակառակը: Այն, որ ըմպելիքի մեջ վտանգավոր տարր չի հայտնաբերվել, լավ է: Միեւնույն ժամանակ նկատենք, որ եթե արտադրող երկրում ըմպելիքի վաճառքն արգելված չէ, ապա դա բոլորովին չի կարող հիմք լինել, որ այստեղ վերջինիս սպառումը չարգելվի:

 

 

ՀԱՐՑ. Ես կնքել եմ աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Հիմա ցանկանում եմ դիմում ներկայացնել եւ 10 օրից ազատվել աշխատանքից: Ինչպե՞ս կարող եմ վարվել այս դեպքում:

Հռիփսիմե Համբարձումյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 101-րդ հոդվածի՝ մինչեւ 2 ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրը համարվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, եւ աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ այդ մասին առնվազն 3 օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով միմյանց:
Իսկ ինչ վերաբերում է անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը աշխատողի նախաձեռնությամբ լուծելուն, ապա, մի կողմից, ՀՀ ԱՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողը այս դեպքում պետք է առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձեւով ծանուցի գործատուին, սակայն, մյուս կողմից, ՀՀ ԱՕ վերոնշյալ դրույթը գործատուի համար լրացուցիչ իրավունք է, այլ ոչ պարտականություն: Այսինքն, եթե աշխատողը իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին դիմում է ներկայացնում գործատուին եւ ցանկություն է հայտնում, օրինակ, 10 օր հետո լուծել այն, ապա գործատուի համաձայնության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարելի է լուծել 10 օր հետո՝ ՀՀ ԱՕ 112-րդ հոդվածի 1-ին հիմքով:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում մեզ դիմած քաղաքացին կարող է հանգիստ ներկայացնել աշխատանքից ազատվելու իր դիմումը, քանի որ եթե օրենքով սահմանված է 3 օր, Հ. Համբարձումյանը դիմումը տալիս է 10 օր առաջ:




Լրահոս