Մադրիդի «Ռեալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպան Անխել Դի Մարիան մադրիդցի երկրպագուներին ուղղված իր բաց նամակում բացատրել է իր որոշման պատճառները:
««Ռեալ»-ում իմ շրջանը մոտեցավ ավարտին: Հնարավոր չէ մի քանի տողերում ընդգրկել այն, ինչ այստեղ զգացել եմ, բայց հույս ունեմ, որ կկարողանամ այս նամակում ներկայացնել այն, ինչ զգում եմ: Ես պատիվ ունեի «Ռեալ»-ի մարզաշապիկով խաղալ չորս տարի, և միայն հպարտություն եմ զգում: Հպարտ եմ նրանով, թե ինչի կարողացանք հասնել ես և իմ թիմակիցները:
Ցավոք սրտի, ես ստիպված եմ հեռանալ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ երբեք դա չեմ ցանկացել: Ուղղակի ես, ինչպես և բոլոր աշխատողները, ցանկանում եմ աճել: Ինձ համար ավելի կարևոր հանգամանքներ կան, քան միայն վարձատրության չափը: Հենց այդ պատճառով եմ ես տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» », – գրել է նա:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 59,7 մլն ֆունտ է վճարել արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Սա անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է:
Դի Մարիայի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Գործարքի արժեքը կարող է աճել մինչ 70 մլն ֆունտ՝ ֆուտբոլիստի հաջող ելույթի դեպքում (օրինակ, կա կետ, եթե արգենտինացին դառնա «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր): Ի սկզբանե մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջել էր 75 մլն ֆունտ: