Լեհաստանի հատուկ ծառայությունները հավաստի տեղեկություններ ունեն այն մասին, որ Ուկրաինայի արևելքում առկա են ռուսական բանակի կանոնավոր զորքի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Վերջին ժամերին մենք ստանում ենք հերթական հավաստի հաստատումները, որ Ուկրաինայի արևելքում գործում են ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ: Դա ՆԱՏՕ-ի տեղեկատվությունն է, այն նաև հաստատվել է մեր հետախուզության կողմից, տեղեկությունները միանշանակ են», – հայտարարել է Տուսկը:
Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տարածել էր տեղեկատվույթուն, համաձայն որի իր աշխատակիցները ձերբակալել են 10 ռուս դեսանտայինների՝ փաստաթղթերով և զենքով, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանյան իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ զինվորականները «պատահաբար» են անցել սահմանը:
Նախկինում Մոսկվան բազմիցս հերքել է Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությանը ռուս զինվորականների մասնակցությունը, սակայն ընդունել է անջատողականների շարքերում ռուս «կամավորների» առկայության փաստը: