ԱԺ ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների միջև այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է կուտակայինի մասին նոր օրենքի՝ հակասահմանադրական ճանաչման պահանջով ՍԴ դիմելու հարցը:
Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Պարզ աշխատանքային հանդիպում էր: Այնպիսի հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն երկկողմանի ֆորմատով: ՍԴ դիմելու հարցով մենք համապատասխան դիմում ենք պատրաստում»,-նշեց նա:
Ռուստամյանի խոսքով, «հրաշալի քառյակի» մյուս երկու ուժերը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, ՍԴ կրկին դիմելու նպատակահարմարություն չեն տեսնում, որն էլ պատճառ է դարձել այս հարցը միայն ԲՀԿ հետ քննարկելու համար.«ԲՀԿ-ն ավելի հակված է, որ այդպիսի քայլի գնանք: Մենք այն տեսակետին ենք, որ ՍԴ-ի միջոցով կարող ենք հասնել այս նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելուն: Հակված ենք, որ մենք ԲՀԿ-ի հետ կդիմենք Սահմանադրական դատարան: Մեզ համար կարևոր էր, որ առաջին հերթին հենց իրենց հետ հանդիպեինք»:
Արմեն Ռուստամյանը հավելեց, թե այս երկկողմ հանդիպումը չի նշանակում, թե քառյակը փլուզվել է: