“G8 ” երկրների վաշինգտոնյան հանդիպումն ավարտվել է և կողմերը հանդես են եղել համատեղ հայտարարությամբ:ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի արտգործնախարարները նշել են, որ մտահոգված են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով և դրական քայլ են համարել հակամարտող կողմերի կողմից Քոֆի Անանի ծրագրի ընդունումը: Արտգործնախարարները կարևորել են այն, որ Անանի խաղաղության ծրագրի ընդունումից հետո Սիրիայում լուրջ բախումներ տեղի չեն ունեցել Արտգործնախարարները աջակցություն են հայտնել Քոֆի Անանի ծրագիրին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել` ծրագիրը կյանքի կոչելու համար: Նաև կոչ են արել Սիրիայի կառավարությանն ու բոլոր կողմերին` իրականացնել Անանի 6 կետանոց ծրագիրը:
“Մեծ ութնյակի” երկրները հայտարարությամբ անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրերին: Նրանք նշել են, որ Իրանի միջուկային խնդրի լուծումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով: Իրանի կողմից միջազգային պարտականությունների չկատարումը, ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի խախտումները մտահոգությունների պատճառ են հանդիսանում:Նրանք Իրանին կոչ են արել առաջիկայում կայանալիք “5+1” ձևաչափով հանդիպմանը կառուցողական մոտեցում ցուցաբերել և բանակցությունների միջոցով վերականգնել միջազգային հանրության վստահությունն Իրանի նկատմամբ: