Սահմանադրական բարեփոխումների շուրջ «քառյակ»-ում տարաձայնություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների՝ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է սահմանամերձ համայնքներին սահմանապահ համայնքների կարգավիճակ տալու հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններ կատարելուց հետո պատգամավորների՝ սահմանամերձ մարզեր կատարած այցելությունների արդյունքները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Սահմանադրական բարեփոխումներին: Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են սահմանադրական այնպիսի փոփոխությունների, որոնք համապատասխան կլինեն իրենց հայեցեկարգին: Նա նշեց, թե այս հարցում ՀՅԴ-ն քառյակի մյուս ուժերի հետ տարաձայնություններ ունի: Նշենք, որ «քառյակ»-ի մյուս ուժերն այն կարծիքին են, թե այժմ այդ բարեփոխումները կատարելու ժամանակը չէ, իսկ ՀՅԴ-ն լրիվ այլ կարծիքի է:

Նա նշեց, թե չի ցանկանում դեռևս գնահատական տալ իրենց 12 կետերի կատարման ընթացքին, և մնացած այլ հարցերին պատասխան կտրվի արդեն չորս ուժերի համատեղ նիստից հետո:

Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունների անդամների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը և խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:




Լրահոս