Նախօրեին, երբ «Ժողովուրդ»-ը զանգահարել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` պարզելու, թե ինչու է «Բենթլի» ու «Ռոյս-Ռոյս» մի քանի հարյուր հազար դոլարանոց գերթանկարժեք ավտոմեքենաները փոխարինել 12 հազար դոլարանոց «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայի հետ, նրա հեռախոսին պատասխանեց մի երիտասարդ` ասելով, թե «շեֆը» զբաղված է: Երեկ կրկին զանգահարեցինք պատգամավորին եւ հետաքրքրվեցինք` փող չունի՞, որ շքեղ ավտոմեքենա վարի: «Ազի՛զ ջան, ինձ փող որտեղի՞ց: Որ փող ունենայի, տենց փոքր ավտո չէի քշի: Հենա նկարել, տպել էիք, սաղ էլ տեսան: Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն` քարոզարշավ անեմ: Ես էլ գործարար չեմ ու խնդրում եմ` «Արդշինինվեստբանկ»-ի հաշվեհամարս (2474202308200000) տպե՛ք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ: Ու նախապես շնորհակալություն բոլոր օգնողներին»: Եթե Ալեքսանյանը այսպիսի տեմպերով շարունակի «պաղատանքները», հավանաբար մի կլորիկ գումար կհավաքի մինչ ընտրություններ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ