Հայաստանի տնտեսության վերաբերյալ Կենտրոնական բանկի սպասումները գնալով վատանում են: Տարեսկզբին ԿԲ-ն նախատեսում էր մինչ 6,1 տոկոս տնտեսական աճ, հիմա կանխատեսումները տատանվում են 4,1-4,6 տոկոսի սահմաններում:
ԿԲ-ն ոչ մի լավ բան չի կանխատեսում նաև մասնավոր փոխանցումների վերաբերյալ: 2014թ. երկրորդ եռամսյակի տրանսֆերտների կանխատեսումները կտրուկ նվազեցին` դառնալով 4,5-6,5 տոկոս: Տրանսֆերտների աճ նախատեսվում է ընդամենը 1-3 տոկոսի սահմաններում:
Այս ամենի հետ մեկտեղ կանխատեսումները քիչ են նաև տնտեսության տարբեր ոլորտների, ինչպես նաև արտահանումների վերաբերյալ:
Շատերը տնտեսության այս վիճակն ու ստեղծված իրավիճակը կապում են Ռուսաստանում կատարվող գործընթացների հետ: Ամեն ինչ կախված է նաև Ռուսաստանի պատժամիջոցների ընդլայնմամբ: Բնական է, որ Ռուսաստանում տնտեսական գործընթացների դանդաղումը պետք է բացասական ազդեր Հայաստանի տնտեսության վրա:
Թե որքանով են ճշմարտանման Կենտրոնական բանկի կանխատեսումները, Armlur.am-ը փորձեց պարզել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից: Նա նշեց, որ տնտեսական աճի նման տեմպերն առաջին հերթին կապված են համաշխարհային գործընթացների հետ: Նրա խոսքով` այս երկրների տնտեսության վատ վիճակը չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նաև այլ երկրների տնտեսությունների վրա:
Տնտեսագետը, բնականաբար, չի բացառում, որ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի իրավիճակն ու ՀՀ kառավարության գործունեությունը: Նա այլ կարծիք ուներ ԿԲ-ի` տրանսֆերտների վերաբերյալ կանխատեսումների վերաբերյալ:
«Ես կարծում եմ, որ պետք է անպայման հաշվի առնել նաև, որ երկու երկրների միջև ներդրումների ծավալները, առևտրատնտեսական կապերը ընդլայնման միտումներ ունեն. թե՛ հայկական կապիտալն է ավելանում ռուսական տնտեսությունում, և թե՛ Ռուսաստանում արդեն իսկ կայացած ռուսական ընկերությունների: Բնականաբար, սա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա», – նշեց տնտեսագետը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը չի կարելի միայն պայմանավորել Ռուսաստանում տիրող իրավիճակով: