«ԵՍ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆԵՂԱՑԿՈՏ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն է խնդրել, որպեսզի «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համամասնական ցուցակի 41-րդ համարը լինի:
-Նախօրեին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրն էր, սակայն Դուք` որպես կուսակցության անդամ, ներկա չէիք առաջին քարոզարշավին, ի՞նչն է պատճառը, որեւէ ներքին խնդի՞ր կա` կուսակցության հետ կապված:
-Ես արդեն վաղուց հայտարարել եմ, որ ես քարոզարշավներին այդքան մասնակցություն չեմ ունենալու եւ կարծում եմ՝ ոչ մեկի համար դա նորություն չէ: Ես ուղղակի զարմանում եմ, որ նման անառողջ հետաքրքրություն կա` կապված իմ մասնակցության կամ բացակայության հետ: Կուսակցության որեւէ միջոցառմանը հնարավոր է` ես մասնակցություն չունենամ: Նախորդ օրն էլ մեռելոց էր, ես մեռելոց էի գնացել, բայց ասեմ, որ զանգահարել եմ «Ժառանգություն» կուսակցություն եւ ասել, որ ես մեռելոց եմ գնում եւ չեմ կարող ներկա լինել քարոզարշավին: Ընդհանրապես մեռելոցի օրն անում եմ այն, ինչը նախատեսված է: Ես կարծում եմ` արդեն ամեն ինչ ասել եմ, ես էլի եմ կրկնում, որ ես այդքան ակտիվ չեմ լինելու քարոզարշավին:
-Բայց ի՞նչն է պատճառը, որ նման որոշում եք կայացրել՝ կուսակցության համար կարեւոր պահին չլինել նրա կողքին, ակտիվ չլինել քարոզարշավներին:
-Ես արդեն հայտարարել եմ, որ սկզբունքորեն շատ չէ, որ ողջունում եմ կուսակցություն-հասարակություն դաշինքը, ես ավելի կողմնակից եմ մի կուսակցության, որը հասարակության հետ է: Իսկ ինչ վերաբերում է իմ մարդկային հարաբերություններին եւ այլին, ուղղակի չի կարելի այդքան շահարկել, ես անպատասխան հարցեր չեմ թողել, ես միշտ էլ խոսել եմ, թե ինչու ներկա չեմ, ինչի հետ է կապված խնդիրը… այս ամենի մեջ ինչ-որ անառողջ բաներ եմ տեսնում: Ես կրկնում եմ, որ հնարավոր է` քարոզարշավին` որպես այդպիսին, ես չմասնակցեմ, մասնակցեմ այնքանով, որ հրապարակային չէ: Օրինակ` Արմեն Մարտիրոսյանի քարոզարշավին ես կաշխատեմ իմ ուժերին ներածին չափով օգտակար լինել:
-Տիկի՛ն Ալավերդյան, ուզում եք ասել` նեղացա՞ծ չեք «Ժառանգություն» կուսակցությունից:
-Խնդրում եմ Ձեզ, ես իմ մեջ այդ մարմինը չունեմ, որով նեղանամ, հնարավոր է` ինձանից նեղացած մարդ կա, բայց ես չեմ կարող նեղանալ, ես բնավորությամբ նեղացկոտ չեմ:
-Բայց տեղեկություններ կան, որ Դուք կուսակցության համամասնական ցուցակի 41-րդ համարի պատճառով եք նեղացել եւ որոշել եք չմասնակցել կուսակցության քարոզարշավին: Ի վերջո, անցողիկ համարում չեք եւ անիմաստ է պայքարը` անձնական հարթությունում:
-Ես եմ խնդրել, որ դարձել եմ էդ համարը: Անգամ եթե ես լինեի ոչ թե 41-երորդը, այլ առաջինը, իմ կարծիքը չէր փոխվելու: Եւ եթե այնպես լինի, որ մենք 40-ս էլ ընտրվենք, անգամ այդ ժամանակ ես քննարկման խնդիր ունեմ ինքս ինձ հետ:
-Նշվում է, որ ցուցակի այդ համարում հայտնվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Դուք ծնունդով Լեռնային Ղարաբաղից եք:
-Ես եւս մի բան եմ լսել, դա էլ Ձեզ ասեմ, իբր թե ինչ-որ մեկն ինձ հրավիրում է  գործադիր իշխանության մեջ, բայց նման բան իրականում գոյություն չունի: Դա ուղղակի իմ անձնական որոշումն է, իրականում որեւէ լուրջ բան չկա: Մարդն իր էությամբ կարող է լինել այդպիսին, կարող է ունենալ սկզբունքներ եւ այդ սկզբունքներին հարազատ մնալ:
-Ի՞նչ սկզբունքներ: Կա՞ այնպիսի բան, որ անում է «Ժառանգություն»-ը, եւ Ձեզ համար անընդունելի է:
-Մարդ կա, որ իր համար ազատության զգացումը շատ թանկ է: Ես չեմ կարող իմ սկզբունքներով առաջ չշարժվել եւ մեկ այլ, ուրիշ բան անել, ուղղակի Դուք դա չեք ուզում հասկանալ:
-Մի խոսքով, առաջիկա ԱԺ-ում չեք լինելու: Հասցրի՞ք Ձեր բոլոր պլաններն իրականացնել` խորհրդարանի հետ կապված:
-Գիտեք ինչ, ես շատ հավակնոտ եմ, ես այնքան բան եմ պլանավորել, ես գտնում եմ, որ այն, ինչ ես ունեմ իմ պլանների մեջ, պարտադիր չէ, որ լուծվեն Ազգային Ժողովի մակարդակով:  Չպետք  է քննարկվի իմ լինել-չլինելու հարցը, որովհետեւ դա ձյան նման մի բան է` կարող է տեղալ, կարող է` ոչ: Դուք քննարկե՛ք սկզբունքները, գտե՛ք այն ճշմարտությունը, որը հայ հասարակության համար օգուտ է բերելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս