Սերժ Սարգսյանն ինքն իրեն մխիթարո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բազե-2014»-ի փակման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել էր նաեւ ՀՀ ընդդիմադիր ուժերի գործունեությանը: Պատասխանելով ընդդիմության խոստացած «թեժ աշնան» մասին հարցին` Ս. Սարգսյանն ասել էր. «Իսկ դուք նման մի տարի հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իր հրաժարականի պահանջների հնչեցմանը, ըստ Ս. սարգսյանի` «Իշխանության խնդիրը լուծվում է ընտրություններով, այլ տարբերակները օրենքից դուրս են: Խնդրեմ, դժգոհություն ունեն, թող արտահայտեն: Ուզում են իրենց դժգոհությունը շատ ավելի ազդեցիկ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես բազամաթիվ ցույցեր եղել են Հայաստանում: Հանրահավաքները, բողոքի ակցիաները թող լինեն, ես դեմ չեմ, կարեւորը, որ դրանք տեղի ունենան օրենքի շրջանակներում: Մեր երկիրը, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա, պետք է կռվեն գաղափարները, ոչ թե ոստիկաններն ու ապստամբները»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանին կոչ արեց ժամանակից շուտ չուրախանալ ինչ-որ հաջողություններով, քանի որ ՀՀ ընդդիմությունը համախմբված աշխատում է:

-Տիկին Սարգսյան, անդրադառնալով ընդդիմության խոստացած թեժ աշնանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդ խոստումն ամեն աշուն էլ տրվում է ընդդիմության կողմից, սակայն իրականում այդպեսդ էլ թեժ աշուն չի լինում: Կարելի է ասել` Ս. Սարգսյանը հեգնել է ընդդիմության գործելաոճը: Մի՞թե այս անգամ էլ է նա իրավացի դուրս գալու եւ խոստացված ՙթեժությունը՚ դարձյալ չի լինելու:

-Ուրեմն ասեմ, որ Սերժ Սարգսյանն արդեն ակնկալում է, որ ընդդիմությունը կկարողանա իր հարցերը լուծել: Չեմ կարծում, որ ինքը միայն արեւի պայծառ շողեր է զգալու, վստահ եմ, որ շուտով գալու է նաեւ պատասխան տալու ժամանակը ու թող ինքն այդ պահի մասին մտածի: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունը կար ու ավելի ուժեղ է լինելու, ուղղակի ինքը, որպես երկրի ղեկավար, այդպես էլ չգիտակցեց, որ ուժեղ ընդդիմություն ունենալը բխում է երկրի շահերից: Եվ եթե ինքն այսօր ասում է, թե ուժեղ ընդդիմություն չկա, ուրեմն դրա պատճառները եւս թող իր մեջ փնտրի, թե ինքն ինչ կերպ փորձեց ոչնչացնել ընդդիմությունը, բայց, փառք Աստծո, որ նրան դա ամբողջապես չհաջողվեց: Կարծում եմ` ընդդիմությունը դեռ ցույց կտա, որ կարողանում է և´ միավորվել, և երկրում առկա խնդիրներին լուծում տալ: Իսկ երբ այդ պահը հասունացավ, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այդ առումով էլ պետք է ուրախանա:

-Իսկ ընդդիմության խոստացած «թեժ աշնան» նախադրյալները տեսնո՞ւմ եք:

-Մենք կարող ենք ակնկալել թեժ աշուն, բայց իրավիճակը շատ դեպքերում չի նպաստում այդ թեժությանը: Հիմա նորից այդ փորձը պետք է կատարվի, ու միշտ չէ, որ ընդդիմության փորձերը կարող են ձախողվել:

-Սերժ Սարգսյանը նշել էր նաեւ, որ եթե ընդդիմությունն ու հատկապես ՀԱԿ-ը ուզում է, որ իր դժգոհությունը շատ ավելի ազդեցիկ լինի, ապա կարող է փողոց դուրս գալ: Իրոք` եթե ընդդիմությունը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, ինչո՞ւ փողոց դուրս չի գալիս:

-Ուրեմն, եթե ՀԱԿ-ը գոյություն չունենար, ինքը ՀԱԿ-ի մասին այդքան հաճախ չէր խոսի: Կա ՀԱԿ խմբակցությունը, կա Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մի մեծ բանակ, որը ե°ւ փողոցային, ե°ւ հանրահավաքային պայքարի փորձ ունի, ու ավելի քան վստահ եմ, որ այդ փորձը, որն ունի ՀԱԿ-ը, չունի ոչ մի քաղաքական ուժ: Ու եթե ինքն այժմ ՀԱԿ-ի մասին խոսում է, որպես անցյալ, ապա կարծում եմ, որ ինքն ընդամենը իրեն մխիթարում է: Ես խորհուրդ կտայի այդքան հանգիստ չլինել, վերջ ի վերջո ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը գալու է ու ինքն էլ այդ պատասխանը տալու է:

Ընդդիմությունը կար, կա եւ շարունակելու է լինել ու ավելի համախմբված, ավելի հզոր: Իրականում ամենահզոր ընդդիմությունը, որն այսօր գոյություն ունի ՀՀ-ում, դա հայ ժողովուրդն է: Նախ պետք էր սկսել նաեւ նրանից, որ մենք օգոստոսին հանրահավաքներ չենք անում, որովհետեւ մարդիկ տարբեր տեղերում հանգստանում են, համախմբելը դժվար է: Սեպտեմբերին նոր սկսվելու է այդ գործընթացը ու տրամաբանական է, թե ինչու սեպտեմբերին, քանի որ մինչեւ սեպտեմբերի վերջ ՀՀ կառավարությանը ժամանակ է տրվել:

-Այսինքն, ընդդիմության այսօրվա գործելաոճը Դուք ճի՞շտ եք համարում:

-Եթե դուք ունեք կամ կարող եք առաջարկել այլ գործելաոճ, կամ այլ քայլեր, հաճույքով մենք կհետեւենք ձեր խորհրդին: Բոլորը խոսում են, բայց ոչ մեկն ավելին չի անում, քան արվում է խորհրդարանական խմբակցությունների, քաղաքական ուժերի կողմից: Բոլորը փորձում են միայն քարկոծել ու Քառյակի կարեւորությունը նսեմացնել, բայց ոչ մեկը չի անում ավելին, քան անում է Քառյակը: Եթե կա մեկ այլ միավոր, որ ավելին է աշխատելու, մենք հաճույքով կմիանանք նրանց: Բնականաբար իշխանությունն իր շարքերը պահելու համար փորձում է իրեն ինքնավստահ պահել ու արհամարհական խոսել ընդդիմության մասին, բայց վստահ եմ, որ ավելի անհանգիստ են, քան փորձում են ցույց տալ:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս