Սփյուռքը` նոր քավության նոխազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ Հայաստանում արտագաղթի տեմպերի մասին խոսելիս Սերժ Սարգսյանը մեկը մյուսից ապշեցնող մեկնաբանություններ է անում: Հերթական հայտարարությունը նա հնչեցրել է «Բազե – 2014» երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:

Ս. Սարգսյանը նախ հերթական անգամ հայտարարել է, թե 1990-ական թվականներին արտագաղթի ծավալներն ավելի մեծ էին, քան հիմա է. «90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով եւ ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք` իրենց բարեկամները, ծանոթներն ինչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել»: Այնուհետև Ս. Սարգսյանը մեկնաբանել է այսօրվա արտագաղթի պատճառները. «Դուք պետք է հասկանաք նաև, որ ուրիշների համեմատ կա երկու, առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը: Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք` ո՞ւր եք գնում, ասում են` գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ և այլն: «Եվ երկրորդ հանգամանքը կա` մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են եւ այլն… Այնպես որ, կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով»:

Սերժ Սարգսյանի խոսքի առաջին հատվածն ամենևին էլ նորություն չէ. արտագաղթի մասին խոսելիս նա չի զլանում ամեն անգամ հիշատակել 1990-ական թվականները: Սակայն 1993-95թթ. ՀՀ պաշտպանության, իսկ 1995-99թթ.՝ ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնները զբաղեցրած Սերժ Սարգսյանն այսօր, չգիտես ինչու, «մոռանում է» մեկ կարևոր փաստ՝ 1992-94թթ. Հայաստանը գտնվել է փաստացի պատերազմի մեջ, և այդ տարիներին արտագաղթի գլխավոր պատճառը հենց պատերազմն էր ու էներգետիկ ճգնաժամը: Մինչդեռ, այսօր փաստացի պատերազմ չկա, բայց արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլև նոր տեմպերով է շարունակվում: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. 90-ականների սկզբին Հայաստանից հեռացածների մեջ ահռելի թիվ էին կազմում Ադրբեջանից ու Ղարաբաղից Հայաստան գաղթած փախստականները, ովքեր արագ հեռացան: Իսկ հիմա արտագաղթում են ՀՀ քաղաքացիները:

Ինչ վերաբերում է Ս.նՍարգսյանի մատնանշած արտագաղթի պատճառներին, ապա սա կարելի է քաղաքագիտական մտքի պատմության մեջ նոր խոսք համարել: Ընդամենը 1 տարի առաջ Ս. Սարգսյանը մեկ այլ անհեթեթ մեկնաբանություն էր տվել. այն ժամանակ արտագաղթի համար մեղադրել էր լրատվամիջոցներին, որ գաղջ մթնոլորտ են տարածում. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա:

…Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»,- 2013թ. մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր նա:

Հիմա, փաստորեն, լրագրողները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ դուրս են եկել «սև ցուցակից» ու այլևս իրենք չեն Հայաստանը թուլացնող չարիքի մեղավորը: Բայց այս անգամ Ս. Սարգսյանն ավելի վտանգավոր հայտարարություն է արել` մատնանշելով Սփյուռքն ու չավարտված պատերազմը: Սրանով Ս. Սարգսյանն անուղղակի կերպով երկրի առաջ ծառացած ամենամեծ խնդրի պատասխանատվությունը գցում է սփյուռքահայերի ու ԼՂ խնդրի վրա` հասարակության մեջ անուղղակի կերպով բացասական վերաբերմունք ստեղծելով նրանց նկատմամբ: Այլ կերպ ասած, նա իր հայտարարություններով հայաստանցի-ղարաբաղցի, հայաստանցի-սփյուռքահայ նոր բաժանում է սերմանում:

Մինչդեռ, սրա փոխարեն՝ Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ նախ լուծեր ԼՂ խնդիրն այդպես` վերջ դնելով չավարտված պատերազմին: Մյուս կողմից` նա ճիշտ կաներ դիմեր կտրուկ փոփոխությունների, որ Հայաստանում ստեղծվեին այնպիսի պայմաններ, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ սկսվեր: Բայց այդ քայլերի փոխարեն՝ նա մեղքը գցում է այլոց վրա` որևէ բառ չասելով իր իշխանության, վատ կառավարման, երկրում առկա կոռուպցիայի, ամենաթողության մթնոլորտի, համատարած անարդարության մասին:

Սփյուռքի հետ կապված մեկ փաստ. երբ 2014թ. տարեսկզբին ՌԴ-ն խստացրեց միգրացիոն օրենսդրությունը` սահմանից հետ վերադարձնելով նաև ՀՀ քաղաքացիներին, ՀՀ իշխանությունները բանակցություններ սկսեցին ու ՀՀ և ՌԴ կառավարության ներկայացուցիչները համաձայնագիր ստորագրեցին` հայ միգրանտների նկատմամբ արտոնյալ պայմաններ սահմանելու մասին: Ասել է թե` ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին են նպաստում, որ Սփյուռքը մագնիսի պես ձգի ՀՀ քաղաքացիներին:

Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև խոսել է տնտեսական խնդիրների մասին. «Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում` շատ է զարգացել, և մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք` մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաև մեր վերցրած վարկերը»:

Սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Բայց նա, միևնույն է, շարունակում է նույն ոգով: Սակայն Ս. Սարգսյանի հայտարարությունները հերքում են հենց պաշտոնական թվերը: Բանն այն է, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարման սկզբում` 2008թ. ՀՀ պետական բյուջեն կազմել է 802 մլրդ 939 մլն դրամ, իսկ 2009-ին` ավելի քիչ` 711 մլրդ 696.2 մլն դրամ: 2014թ. այդ թիվը հասել է 1 տրիլիոն 170.4 մլրդ դրամի: Ինչպես նկատեցիք` 5 տարվա ընթացքում բյուջեն ամենեւին էլ չի կրկնապատկվել, այլապես` այսօր այն պետք է կազմեր առնվազն 1 տրիլիոն 422 մլրդ դրամ: Չեն կրկնապատկվել նաեւ հարկերը. 2008թ. դրանք կազմել են 739 մլրդ 476.8 մլն դրամ, 2009-ին` 642 մլրդ 824.3 մլն դրամ, իսկ այս տարի` 1 տրիլիոն 97 մլրդ դրամ: Այն էլ` ավելացել է ոչ թե հարկերի հավաքագրման տոկոսը, այլ` բարձրացել են հարկերը: Ասել է թե` ավելացումը տեղի է ունեցել ոչ թե ստվերի կրճատման հաշվին, այլ` հարկերն ավելացնելով:

Արման Գալոյան




Լրահոս