Ի՞ՆՉ ՀԱՐՑ Է
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձին, նշել է, որ հարցեր կան, որոնց շոշափումն իսկ անհարկի է համարում: Նրա գնահատմամբ` դա նույնն է, եթե հիմա իրեն հարցնեն` կարող են արդյոք իրենց թեկնածությունն առաջ քաշել մարտի 1-ին կրակոցներ արձակած ոստիկանները, որոնք, կասկած կա, որ մարդ են սպանել: Ըստ Մանուչարյանի` այսօրվա քաղաքական գործընթացների դրական կողմն այն է, որ կողոպուտի համար պայքարող ուժերը կիսվել են, եւ դրանց բախումը այս թատերաբեմում բերելու է որոշակի բալանսի:
ԱՊՕՐԻՆԱԲԱՐ
Թիվ 2 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանն «Առաջին լրատվական»-ին ասել. «3 օր է` նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն պաստառ ամրացնելու թույլտվություն մինչ այժմ չեմ ստացել, մինչդեռ իմ մրցակցի` Սամվել Ֆարմանյանի պաստառներն ամենուր են հենց ապրիլի 8-ից: Սա վկայում է անհավասար մրցակցային դաշտի մասին»:
ՄԵՆՔ ՈՒ ՆՐԱՆՔ
Ապրիլի 10-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ընտրարշավի շրջանակներում անցկացրել է իր առաջին հանդիպումը: Ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները` ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը մասնավորապես ասել է. «Պետությանը պետք է վերադարձնել իր գործառույթները, որոնցից նա զրկվել է: Խոսքը պետական սեփականության մասին է: Եթե վերացվի ստվերային տնտեսությունը, որը կազմում է տնտեսության 70 տոկոսը, ապա երկրի բյուջեն կավելանա 1,5-2 մլրդ դոլարով: Արտասահմանից վերցված մեծ չափերի հասնող պարտքը մի իրավիճակ է ստեղծել, որ ՀՀ ամեն քաղաքացի իր ուսերին 100 հազար դոլարի պարտք է կրում: Վերցրել են նրանք, բայց պետք է վերադարձնենք մենք»:
ԳՆԱՑՔԻՑ «ԹՌԱԾՆԵՐԸ»
ԿԸՀ-ն ապրիլի 10-ին համամասնական ընտրացուցակներից հանել է 5 անձանց անուններ: ՕԵԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել Աշխեն Մանուկյանը` 45-րդ հորիզոնական, Կարինե Մկրտչյանը` 90, եւ Մերի Ղոնյանը` 169-րդ հորիզոնական: Ինքնաբացարկներ կան նաեւ «Ժառանգության» ընտրացուցակում: ԿԸՀ-ն ցուցակից հանել է 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանին եւ 71-րդ հորիզոնականում գրանցված Դավիթ Առաքելյանին: Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են, Արարատ Զուրաբյանի մտերիմները: Իսկ մեծամասնականից թիվ 1 ընտրատարածքում պայքարը լքել է անկուսակցական Արսեն Մանուկյանը, թիվ 21-ում` անկուսակցական Մերուժան Մխոյանը, ով ապրիլի 6-ին ծեծի էր ենթարկվել, թիվ 23-ում` անկուսակցական Տիգրան Պետրոսյանը, իսկ թիվ 28-ում` Արմեն Ավդալյանը` այդպիսով Գագիկ Ծառուկյանին այդ ընտրատարածքում «մենակ» թողնելով:
ՉԵ՞Ն ԽԼՈՒՄ
«Ժառանգություն»-ն ուրիշ կուսակցություններից ձայն չի խլում, նա իր ընտրազանգվածն ունի: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, «100 հարց եւ պատասխան» ձեւաչափով քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` արձագանքելով դիտարկմանը, թե եթե ընտրողը ցանկանում է ձերբազատվել ՀԱԿ-ից կամ իշխող կոալիցիայից, նա ստիպված է լինելու քվեարկել ԺԿ օգտին:
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ
ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված միջոցառմանն աչքի են ընկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսխորհուրդը: Բուհի ուսանողները ոչ միայն ջերմեռանդորեն ելույթ են ունեցել բեմահարթակից, այլեւ ծածանել են ՀՀԿ դրոշները: Եւ դա այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը ռեկտորներին հրահանգել էր չքաղաքականացնել բուհերը: