Նախօրեին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ՀՀԿ-ական խնջույքի ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հերթով բաժակ է բարձրացրել ՀՀԿ կառույցների` այդ թվում Երեւանի վարչական շրջանների համար, նկատել է, որ Արաբկիր վարչական շրջանի սեղանը կիսադատարկ է: «Տեղում» չեն եղել ո՛չ ղեկավար Հրայր Անտոնյանը, ո՛չ էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): «Իսկ որտե՞ղ են դատարկ աթոռները»,-մնացած 2-3 հոգուց հետաքրքրվել է Սարգսյանը, ինչին ի պատասխան` ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Արմեն Մարտոյանն ասել է, թե «չգիտեմ»: Վիրավորված այդ իրավիճակից՝ Սերժ Սարգսյանը հորդորել է «դատարկ աթոռներին փոխանցել` ցտեսություն»: Թե ինչ կարժենա այս ձեւակերպումը ՀՀԿ-ական թեկնածու Սարգսյանի եւ «թաղապետ» Անտոնյանի համար, առայժմ պարզ չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ այս առնչությամբ անգամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ նիստ է եղել` պարզաբանելու, թե ինչու էին հեռացել Արաբկիրի ՀՀԿ-ականները:
Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք Հ. Անտոնյանին, սակայն նրա բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին: Իսկ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը տեղյակ չէր միջադեպի մասին:
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԿՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ