«Օդնոկլասնիկի»-ի պատճառով դանակով 10 անգամ հարվածել էր կնոջը. ի՞նչ ապացուցեց դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի պատճառով կնոջը դանակով 10 անգամ հարվածած 31-ամյա Արթուր Չաքմիշյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` նախագահությամբ Հարություն Մովսեսյանի, համաներմամբ ազատ է արձակվել:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` առողջությանը ծանր վնաս հասցնելը:

Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Դատաքննությունն անց է կացվել արագացված դատական կարգով. Չաքմիշյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը:

Այսպես` դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ ութամյա կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու անչափահաս երեխաներ ունեցող գյումրեցին իր բնակարանի խոհանոցում «Օդնոկլասնիկ» սոցկայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և դավաճանելու կասկածանքի առիթով վիճաբանել է կնոջ՝ Արփինեի հետ:

Վիճաբանության ընթացքում Արթուրը դանակով մի քանի անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, որից հետո, դանակը թողնելով խոհանոցում, հեռացել է տնից։

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Չաքմիշյանը, նախքան այս դեպքը, արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի դաշնություն: Այն բանից հետո, երբ իմացել է կնոջ` սոցցանցում էջ ունենալու մասին, վերադարձել է Գյումրի և կնոջը մահվան դուռը հասցնելու աստիճան դանակահարել:

Հարևանները վստահեցնում էին, որ Չաքմիշյանների ընտանիքը մինչ դեպքը համերաշխ և սիրով էր ապրում:




Լրահոս