Չեխովի անվան դպրոցի տնօրենն անպարտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կրկին հաղթող դուրս եկավ: Դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը հնավոր բոլոր օղակները օգտագործում է տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, թե Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին, պատճառաբանելով, թե աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե, տնօրենը հերքում էր եւ հայց է ներկայացրել դատարան Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Սակայն Նատալյան էլ իր հերթին էր նույնաբովանդակ հայցով դիմել դատարան` դպրոցի տնօրենից պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում:

Իսկ մինչ այդ Նատալյան ոստիկանության Արաբկիրի բաժին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, եւ քրեական գործ չէր հարուցվել: Նա հանգիստ չէր նստել եւ դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա` ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ նրա բողոքը բավարարվել էր, եւ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ):

«Ժողովուրդ-»ը պարզեց, որ շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործը կարճվեց ՀՀ քր. դատ. օր. 35 հոդվածի հատկանիշներով: Հանցադեպ չկա:

Դե իհարկե, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներն ու թոռները հենց Չեխովի անվան դպրոց են հաճախում, ուստի դժվար չէր կռահել, որ տնօենի արարքների վրա պետք է աչք փակեին քննիչները: Ի վերջո, Սարուխանյանն էլ պաշտոնյաների երեխաների վարքի եւ ունակությունների վրա է աչք փակում: Այնպես որ, համագործակցությունն ակնհայտ է:

Քնար Մանուկյան




Լրահոս