Մարտի 20-27-ը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ՊԼՀ) Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից ստուգումներ են անցկացվել, որի ժամանակ արձանագրվել են բավականին լուրջ խախտումներ: Արդյունքները կհրապարակվեն այսօր կամ վաղը: Իսկ մինչ այդ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն:
Բանն այն է, որ Սուրեն Զոլյանը, ռեկտորի պաշտոնին զուգահեռ, նաեւ Եվրախորհրդի փորձագետ է, ինչի պատճառով հաճախ բացակայում է աշխատանքից: Եւ ահա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արձանագրել է, որ Զոլյանը, ըստ էության, ռեկտորի իր աշխատանքի հաշվին այլ աշխատանք է կատարել: Ըստ ԿԳՆ-ի` Զոլյանը չի կատարել իր վերադասի հանձնարարականը` տրված 2012-ի մարտի 15-ի թիվ 01.06.2552-12 գրությունով: Չի կատարել նաեւ ՀՀ-ից սույն թվականի մարտի 19-ից մարտի 23-ը չբացակայելու մասին հանձնարարությունը: Այդ հանձնարարությունը չկատարելով` խախտել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 2008-ի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային 2.5 կետի ա) եւ գ) ենթակետերի պահանջները: Երկրից բացակայելու պատճառով նրա աշխատանքային պարտականությունները կատարել է մեկ այլ անձ, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
Իսկ ռեկտոր Զոլյանը հայտարարել է, թե նկատողությունն անհիմն է, քանի որ սխալ է Եվրախորհրդի նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների անդամին խիստ նկատողություն անելը կոմիտեի լիագումար նիստին մասնակցելու համար, այն էլ այն դեպքում, երբ համապատասխան խարտիայում նշված է, որ կառավարությունը չպետք է միջամտի փորձագետների գործունեությանը. «Վաղն էլ Աշոտյանը կարող է ինձ լուսին ուղարկել»:
Բայց սրանով չավարտվեց երկու հաստատությունների ղեկավարների «մենամարտը»: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվող ստուգումները եւ կարգապահական տույժն առիթ դարձան, որպեսզի Սուրեն Զոլյանը հրապարակավ վիրավորի Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին. «Առհասարակ, ես ղեկավարվում եմ իմ սկզբունքով. նախարարի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ` հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է»: Նա նաեւ նշել է, որ դիմելու է դատարան, ՀՀ վարչապետին, որպեսզի վերացնի նախարարի հրամանը եւ որոշի պարոն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը. «Թե չէ, ժողովրդի լեզվով ասած` հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում»:
Փորձեցինք կապվել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց զրուցել նրա հետ: Նա չէր պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ ՊԼՀ Յունեսկոյի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, չի կարող մեր հարցերին պատասխանել: Ու այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել, թե ինչեր է բացահայտել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, որն այդպես զայրացրել է ռեկտոր Զոլյանին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կրթության եւ գիտության նախարարությանը դիմել են ՊԼՀ-ից վերջին շրջանում տարբեր պատճառներով դուրս եկած մեկ տասնյակից ավելի դասախոսներ եւ իրենց դժգոհությունն են հայտնել: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ «Արմքոմեդի»-ի հեռուստահաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը նույնպես վերջերս լքել են «Բրյուսովը»: Նարեկ Մարգարյանի պաշտոնական հրամանում գրվել է, որ «անհարիր ուշացել է դասից», իսկ Սերգեյ Սարգսյանի հետ պարզապես աշխատանքային նոր պայմանագիր չեն կնքել: Ընդ որում, Սերգեյին որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչու չեն ցանկանում շարունակել համատեղ աշխատանքը:
«Այդ թեմայով այնքան էլ չեմ ուզում խոսել: Բոլորի դուրս գալն էլ, եթե մարդու ցանկությամբ չէ, ապա գլխավորի ցանկությունից է կախված: Ասեմ, որ հետ գնալու մտադրություն այլեւս չունեմ, քանի դեռ նա այնտեղ է (նկատի ունի Զոլյանին-Ս.Հ.), որովհետեւ տակտիկապես անհնար է»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Մարգարյանը:
Նշենք, որ Սուրեն Զոլյանի հետ ունեցած տարաձայնությունների հետեւանքով համալսարանից հեռացել է եւ այժմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում է դասախոսում Մելանյա Աստվածատրյանը, եւ այդպես շատ-շատերը:
«ՌԻՆԳՈՒՄ» ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՌԵԿՏՈՐՆ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ