ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանն, ավելի հարուստ է, քան իր պատգամավոր ամուսինը: Եթե Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները գնալով պակասում են, ապա նրա կնոջ մոտ ճիշտ հակառակ գործընթացն է. նրա կարողությունը տարեց տարի ծաղկում է:
Armlur.am-ը Շողերինա Մկրտչյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում է, որ 2011թ. հայտարարագրել է 11 մլրդ 903 մլն 450 հազար դրամ և 8 մլն դոլար գումար: Հաշվետու տարում նա կարողացել է վաստակել ռեկորդային՝ 201 մլն 430 հազար դրամ: Այդ գումարները հիմնականում գոյացել են վարձակալության դիմաց ստացված վճարներից և աշխատանքի վարձատրությունից:
2012 թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ պատգամավորի հարուստ տիկինը կարողացել է ավելացնել թե՛ իր կարողությունը, թե՛ տարեկան եկամտի չափը: Ըստ հայտարարագրի՝ նա ունեցել է 11 մլրդ 924 մլն 450 հազար դրամ և 8,5 մլն դոլար: Մեկ տարում կարողացել է վաստակել 279 մլն 741 հազար դրամ: Ինչպես 2011-ին, 2012-ին նույնպես նրա հիմնական եկամուտը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից:
2013թ. Շողերինա Մկրտչյանը 72 մլն 800 հազար դրամով ձեռք է բերել BENTLEY CONTINENTAL-GT մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: 2013 թվականի վերջին Շ. Մկրտչյանի փոխառության գումարը կազմել է 84.765.494.000.00 և 3 մլն 907 հազար դրամ: Հաշվետու տարում նրա դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել. 7 մլն 724 հազար դրամ և 8,5 մլն դոլար: Մեկ տարվա ընթացքում՝ վարձակալության դիմաց ստացված վճարներից կարողացել է վաստակել 622 մլն դրամ:
Ստացվում է, որ օլիգարխ պատգամավորի կինը երեք տարիների ընթացքում կարողացել է վաստակել շուրջ 1 մլրդ 103 մլն դրամ գումար: Սամվել Ալեքսանյանը բազմիցս է հայտարարել, որ ինքը որևէ բիզնես չունի, և որ իր կինն իրենից հարուստ է: Տվյալ հայտարարագրերը, թերևս ասվածի վառ ապացույցն են:
Ավելորդ չէ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններից են «Ալեքս Գրիգ»-ը, «Նատալի Ֆարմ»-ը , «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը: