ՈՎ ՈՒՄ Է ԽԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շրջանում Գյումրու բոլոր թաղամասերում շրջում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք զբաղված են ցուցակներ կազմելով, անձնագրային տվյալներ հավաքագրելով եւ մարդկանց ինչ-ինչ նվերներ, գումար, իսկ գյուղական բնակավայրերում` սերմացու, պարարտանյութ խոստանալով: Վերջերս առավել ակտիվ է դարձել ՕԵԿ-ը: Կան կոնկրետ ահազանգեր այն մասին, որ Գյումրու Քութայիսյան, Տեքստիլ, Եսայան եւ էլի մի շարք թաղամասերում, ներկայանալով որպես ՕԵԿ-ականներ, հավաքել են անձնագրային տվյալներ, քաղաքացիներին առաջարկել ցուցակներ ստորագրել եւ խոստացել`  կլինեն  նվերներ, իսկ վարորդներին, որոնք ցանկանում են ԱՊՊԱ կտրոն ձեռք բերել կամ մեքենայի վրա գազի բալոն տեղադրել, որոշակի զեղչեր իրականացնել: Զրուցեցինք Քութայիսյան փողոցում ապրող բնակիչներից մեկի հետ, ով պատմեց, որ ՕԵԿ ներկայացուցիչները իրենց բնակարան են եկել մոտ 10 օր առաջ: Վերցրել են անձնագրային տվյալները, ստորագրել տվել եւ փոխանցել, որ ընտրությունների համար են անում: Կինը ներկայացել է Վալյա անունով. «Երկու տեղ է ստորագրել տվել, Եսայանից էլ, Քութայիսյանից էլ, բոլորի անձնագրային տվյալները վերցրել է»:
Երեկ, երբ հերթական անգամ ՕԵԿ ակտիվիստը գնացել է նույն թաղամաս, բնակիչներից մեկը զանգել է լրագրողներին: Իմանալով այդ մասին` անձնագրային տվյալներ հավաքող Վալյան, որը, մեր տեղեկությունների համաձայն, աշխատում է Գյումրու քաղաքապետարանում, աղմուկ-աղաղակ է բարձրացրել, բղավել, որ իրեն թաղամաս է ուղարկել Հովհաննես Մարգարյանը, եւ փախել: «Ես այդ կնոջը որ տեսա, ասեցի` քեզ դատ է հասնում, տո՛ւր քո մոտ եղած թղթերը, մարդկանց անձնագրային տվյալներն ի՞նչ ես անում: Նա էլ թե` պատռել-թափել եմ, էդ թղթերը չկան: Հատուկ սկսեց բղավել, գոռալ, որ մարդկանց ուշադրությունը շեղի, եւ արագ-արագ հեռացավ: Բնակիչներին ասել է, թե եթե ԲՀԿ-ն ալեհավաք է բաժանում, եթե դուք էլ մեզ ընտրեք, մենք էլ վերաբերմունք ցույց կտանք, իսկ եթե չընտրեք ու ձեր խոստումը չկատարեք, կգանք, մեր նվերը հետ կտանենք»,-պատմեց լրատվամիջոցներին զանգահարած բնակչուհին:
Հովհաննես Մարգարյանը չի ժխտում, որ թիմակիցները շրջում են Գյումրու տարբեր թաղամասերում, բայց ասում է` ընտրացուցակներն են ճշգրտում, այլ ոչ թե կաշառք բաժանում կամ խոստանում: Տեղի ունեցածը համարեց հերյուրանք եւ ապատեղեկատվություն: «Որեւէ խոստում չի տրվել, որեւէ անձնագիր, որեւէ անձնագրի պատճեն չի վերցվել»,-փոխանցեց նա եւ ուշագրավ հայտարարություն արեց, որ մարդիկ զբաղվեն կոնկրետ փաստերի, այլ ոչ թե հերյուրանքների ուսումնասիրությամբ: Ասենք` գնան Հովհաննես Մարգարյանի բնակության հասցե, որտեղ, վերջինիս փոխանցմամբ, եղել են այցեր, վերցրել են անձնագրային տվյալներ եւ խոստացել գումար: Ուշագրավ է, որ այս հայտարարությունն անում է ԱԺ պատգամավորը, իշխանության մի մասնիկը, ում «քթի տակ» նման բաներ են տեղի ունենում, իսկ ինքը խուսափում է կոնկրետ անուններ հրապարակել, ասենք` բարձրաձայնել` կոնկրետ որ կուսակցությունը կամ որ թեկնածուն է փող բաժանում պատգամավորի թաղում:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս