«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, խիստ մտահոգ լինելով սահմանային լարվածության դեպքերով, որոշել է ուրիշների հաշվին բարեգործություն անել:
«Ժողովուրդ»-ին Արթիկից լուրեր հասան, որ ոստիկանապետը տեղի բնակիչներին ու «խանութպաններին» հորդորել է սննդամթերք ու ծխախոտ հավաքել, որպեսզի ուղարկեն դիրքերում կանգնած զինվորներին: Բնակիչները, բնականաբար, հավաքել են այն, ինչ կարողացել են, եւ ոստիկանապետը հայտարարել է, թե անձամբ կուղարկի շփման գիծ, որտեղ այդ ամենի անհրաժեշտությունը կա: Սակայն պարզվում է՝ Տ. Պետրոսյանը ոչինչ էլ չի ուղարկել դիրքեր:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Պետրոսյանից պարզել, թե ինչու է նման քայլի դիմել ու որտեղ է պահվում «հավաքված» սնունդը: Մեր զրուցակիցն ասաց, թե տեղյակ չէ. «Էդ պրոցեսը, որ եղել է, ես արձակուրդում եմ եղել, հիմա էլ արձակուրդում եմ, արդեն մեկ ամիս է: Տեղյակ չեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Ջերմուկում եմ: Ու բացառում եմ, որ կարող էր նման բան լինել, թեկուզեւ իմ տեղակալների կողմից: Հերյուրանք է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։