Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաեւ էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ:
Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաեւ լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին առաջացել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի դպրոցներում, որոնցից մեծ մասում այսօրվա դրությամբ թերությունները շտկվել են: Մեկ երկու կրթօջախներում էլ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը: