ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՏՈՒՆԸ ԿՓԼՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, ինչի արդյունքում  հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 71-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի` Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ Հարությունյանը, 4 տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, ինչը, կնոջ  խոսքերով, առաջացել է տան խոնավությունից:  Նրանք ամուսնացել են 50 տարի առաջ:  Ադրբեջանի Ղազախ քաղաքում Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, կինն էլ կոնֆետի գործարանում արտադրամասի վարպետ էր աշխատում: 1987թ. ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր` Ոսկեպար: Մինչ տեղափոխվելը, նրանք Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել:
«Երազում էինք հայրենիքում տուն սարքել, սակայն այն սողանքի տակ է»,-ասում է տիկին Նարենգյուլը: Նրա տան առաջին հարկն ամբողջությամբ հեղեղվել է ջրով, եղած  ողջ սննդամթերքը փչացել է: Պատից պոկվել ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: Շուրջ մեկ տարվա ընթացքում շարունակվող  սողանքի, խոնավության պատճառով Նարենգյուլի տան հեռուստացույցը, փոշեկուլը, երկու ձեռագործ գորգերը, հայելիով պահարանը շարքից դուրս են եկել, փչացել:
Ն. Հարությունյանը 2-րդ խմբի հաշմանդամ է. տեսողական խնդիրներ ունի. ձախ աչքը 2 անգամ վիրահատել են: Նա տան խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան, Տավուշի մարզպետարան եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Եկել են, ուսումնասիրել: Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, հարցը ներկայացվել է կառավարություն: 2011թ. հուլիսի 5-ին հաշմանդամ կինն իր տան վիճակը ներկայացրել է անձամբ Ոսկեպար այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս եղել է սողանքի վայրում, ծանոթացել Ն. Հարությունյանի տան վատթար վիճակին եւ խոստացել աջակցել: Սակայն անցած 1 տարում մարզպետարանի միջոցով պետբյուջեից ընդամենը 200 հազար դրամ օգնություն է ցուցաբերվել Ն. Հարությունյանին: Տավուշի մարզպետարանի աշխատակիցներից մեկը կնոջը սփոփել է, թե նա այդ գումարով փչացած հեռուստացույցի փոխարեն նորը կարող է գնել: Նարենգյուլը 4 զավակ ունի, սակայն նրանք առանձին են ապրում, սոցիալական վատ վիճակում են, չեն կարող օգնել: Իսկ սողանքը չի սպասում, տան կրած վնասները մեծանում են: Նշենք, որ ադրբեջանական հրետակոծությունից տուժած Ոսկեպարի տների վերանորոգման համար վերջերս պետբյուջեից գումարներ են տրվել, սակայն Ն. Հարությունյանի տան համար հատկացում չի արվել: Հաշմանդամ կինը հուսահատ է, իսկ պետական աջակցությունն էլ ուշանում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս