«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարուհի, դերասանուհի, հիմա էլ արդեն երգչուհի ԹԻՆԱ ՔԵՅԸ հիմնել է Պարի եւ կրկեսի ստուդիա: Թինան ավարտել է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, այժմ սովորում է Կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնում:
-Ո՞րն էր պարի եւ կրկեսի ստուդիա հիմնելու նպատակը:
-Հայաստանն այսօր օդային ակրոբատներ գրեթե չունի, սովորելու եւ ուսումնասիրելու ենք այդ բնագավառը: Մենք առհասարակ չունենք կրկեսային ոչ մի նորմալ գործող ժանր, քանի որ չունենք կրկեսային շենք, դրա համար էլ չկան այդ լուրջ մասնագետները, որ աշխատեն այդ շենքում, ոչ թե ինձ նման բացեն պարի եւ կրկեսի ստուդիա: Այսօր իմ դպրոցում 50 երեխա է սովորում: Դասական պարից սկսած, վերջացրած կրկեսային ժանրով, այդ ամենն ուսումնասիրում են:
-Լսել էի, որ Ձեր դպրոցում նաեւ պորտապար են դասավանդում:
-Բայց ոչ երեխաներին: Դրանք սիրողական խմբեր են կանանց համար:
-Պորտապարի հետ կապված` պարի շատ վարպետներ են ասել, որ դա հակաազգային է, հարիր չէ մեզ: Բայց փաստը մնում է փաստ, որ շատ պարի դպրոցներում այդ ժանրը դասավանդվում է:
-Ես բազմիցս ասել եմ, որ արվեստը լեզու եւ ազգություն չունի: Ես էլ կասեմ` այդ դեպքում նրանք ինչու են պարում իսպանական, լատինաամերիկյան պարեր: Ի դեպ, լատինաամերիկյան պարերի հագուստը 10 հազար անգամ ավելի բաց է, քան արեւելյանը: Դա պորտապար չէ, արեւելյան պար է: Իսկ ազգային պարը պարում են հարսանեկան ծեսերին:
-Ձեր հարցազրույցներից մեկում կարդացի, որ ամուսնությունից հետո քիչ եք պարում:
-Երբ ես ամուսնանում էի, ամուսինս գիտեր, որ պարուհի եմ, իմացել է` ինչով եմ զբաղվում: Շատ անգամ էլ ասել է, որ թողնելու է կնոջը զբաղվել պարով: Կան բայցեր, ինքս էլ որոշ սահմաններ չեմ անցնում, բայց աշխատանքիս հանդեպ արգելք չկա: Ես չեմ մոռանում, որ Հայաստանում ենք, որտեղ մեր ավանդույթներն ու մենթալիտետը լավ են արտահայտված: Ինքս էլ երբեք չեմ անի մի բան, որով կնեղացնեմ իմ տղամարդուն:  
-Շարունակո՞ւմ եք միջոցառումներին հանդես գալ, որեւէ տեղ հիմնական աշխատո՞ւմ եք:
-Այո՛, աշխատում եմ «Եվրոպա» ռեստորանում: Այնտեղ ես ներկայացնում են երգն ու պարը միասին: Հրավերով աշխատում եմ տարբեր ռեստորանային համալիրներում: Ունեմ նաեւ նվերներ` իմ աշխատանքի հետ կապված, եթե մեծ քանակությամբ համարներ են պատվիրում, ես նաեւ նվեր եմ անում` պարի տեսքով:
Եթե վերցնեմ իմ տանջանքն ու չարչարանքը, չեմ ասի, որ դա մեծ գումար է: Եթե ես մի շոուի համար եմ այդքան գումար վերցնում, երգիչը կարող է մի երգի համար այդքան վերցնել:
-Համարի թանկությունն ինչպե՞ս է որոշվում:
-Համարի բարդությունից եւ մարդկանց քանակից:
-Որքա՞ն արժի մի պարը:
-Իմ կլոր, 20-25 կգ ծանր շորով պարը ես պարում եմ 100 հազար դրամով:
-Ամսվա ընթացքում քանի՞ այդպիսի միջոցառում է լինում:
-Դե, օրինակ, մայիս ամսին առհասարակ հարսանիք չի լինում: Կան ամիսներ, երբ գործը համեմատաբար նվազում է: Նոր տարուց առաջ է շատ գործ լինում, որովհետեւ կորպորատիվ երեկոներ են կազմակերպվում:
-Գո՞հ եք Ձեր վաստակածից:
-Հայաստանի պայմաններում շատ գոհ եմ ու շնորհակալ, որ ինձ այդքան գնահատում են: Ես կարողանում են ստեղծել համարներ, որոնք պահանջված են, ու մարդիկ ցանկանում են իրենց արարողություններն ու առիթները զարդարել այդ ելույթներով:
-Ասացիք, որ նաեւ երգում եք, առաջիկայում հնարավո՞ր են երգի հետ կապված լուրջ նախագծեր:
-Միանշանակ, այս տարվա մեջ 2 տեսահոլովակ եմ նախատեսել: Ես ցույց եմ տալիս, որ պետք չէ քառակուսի գծել ու կանգնելով ներսում` երգել: Երգիչը կարող է ե՛ւ երգել, ե՛ւ հոյակապ պարել: Բայց երգել իրական ձայնով:
-Ո՞վ է Ձեզ օգում այդ ամենն իրականացնել:
-Հիմնականում ամուսինս եւ այն խումբը, որի հետ աշխատում եմ: Ինձ ճանաչում ու դիմում են համարյա թե բոլոր խավի մարդիկ. անկախ նրանից, թե ով ինչ ֆինանսական կարգավիճակում է, մեծ հաճույքով աշխատում եմ:
-Ասում են, եթե մեծ գումարներ չունենաս, երգարվեստ մուտք գործելու դռները փակ կլինեն քեզ համար: Պարարվեստի ոլո՞րտն ինչպիսին է:
-Իսկ ինչո՞ւ է մարդկանց թվում, որ պարարվեստում նույնը չէ: Դուք գիտե՞ք` պարային մեկ կոստյումն ինչքան թանկ է նստում պարողի վրա: Երգչի վրա կարող է այդքան ճոխություն չլինել, շատ անգամ տեսնում ենք, որ սովորական ջինսով ու սպորտային կոշիկներով են դուրս գալիս բեմ: Պարուհին երբեք չի կարող սովորական հագուստով բեմ դուրս գալ:
-Ի՞նչ գնի սահմաններում է տատանվում մեկ կոստյումի գինը:
-Եթե խոսքը նորմալ կոստյումի ու կարի մասին է` 100 հազար դրամ ու բարձր: Իմ «Արեւելյան թիթեռնիկներ» պարի 1 կոստյումի գինը մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար է:
-Հաշվե՞լ եք` ամսվա ընթացքում որքան եք ծախսում:
-Վախենում եմ: Անկեղծ ասած, ուզում էի հաշվել, բայց հետո որոշեցի, որ պետք չէ: Այսօր միակ բանը, որի համար մենք չենք վճարում` օդն է, կարծում եմ` ապագայում դրա վրա էլ հաշվիչ կդնեն (ծիծաղում է-Ե.Ռ.):

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս