Կրթության ոլորտում կարողացել ենք խուսափել զանգվածային կրճատումներից. Ա. Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց ներկայացնել նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված աշխատանքները:

Արմեն Աշոտյանը նշեց, որ լայն թափով նախապատրաստվում են այդ օրվան: Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է, որ առաջին դասարան կհաճախեն 40,000 դպրոցականներ, որի վերջնական թիվը պարզ կլինի սեպտեմբերի 10-ին: «Անցկացվում են օգոստոսյան խորհրդակցություններ տնօրենների և ուսուցիչների հետ: Մի քանի դպրոցներ վերանորոգվել են, ընթանում է դասագրքերի բաժանման գործընթացը», – նշեց նա:

ԿԳ նախարարը ընդգծեց, թե իրենք կարողացել են խուսափել զանգվածային կրճատումներից, քանի որ կրթության ոլորտը խոշոր գործատու է համարվում:

«Ավագ դպրոցների գույքն է ամբողջովին փոխվելու, իսկ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է «Կայուն զարգացման սնունդ» ծրագիրը, որը երկրորդ կիսամյակից կմեկնարկի նաև Արարատի մարզում: Փորձնական կերպով սկսվել է ազգային երգ ու պարի ուսուցման ծրագիրը», – հավելեց նա:

Նախարարն անդրադարձավ նաև քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում տեղի ունեցող գործընթացներին: Նախարարի խոսքով, այս տարի քոլեջներում և ուսումնարաններում աննախադեպ քանակությամբ պետական պատվեր է տրամադրված, որը շուրջ 50 տոկսով շատ է եղել նախորդ տարվանից, որն էլ մեծ աժիոտաժ և ոգևորվածություն է առաջացրել դիմորդների շրջանում:

«Բուհերը նույնպես պատրաստվում են սեպտեմբերի 1-ին: Երեկ ես հանդիպել եմ պետական բուհերի տնօրենների հետ և տվել համապատասխան հանձնարարականներ», – եզրափակեց նախարարը:




Լրահոս