Քվեարկությունն ավելի կարևոր է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման պայմաններում. ՀՅԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր՝ Կալիֆորնիայի նահանգային սենատի կողմից ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն այս որոշումը վճռական և պատմական քայլ է համարում, այս մասին հայտնում է Asbarez-ը:

«Սա ոչ միայն վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, այլ նաև Կալիֆորնիայի նահանգի հանրային պաշտոնատարների` բոլոր ժողովուրդների հանդեպ ցուցաբերած հարգանքի, այս դեպքում` նաև Արցախի ինքնորոշման իրավունքին: Այս քվեարկությունն ավելի կարևոր է հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանը սաստկացրել է իր ռազմատենչ հայտարարությունները ու զինադադարի պայմանների խախտումները` թուրքական և ադրբեջանական լոբբիների բանաձևը ձախողության մատնելու ջանքերին զուգահեռ:

Այս քվեարկությունը մեծապես ամպրապնդում է հայ ժողովրդի ոգին՝ իր արդար նպատակները հետապնդելու ճանապարհին, ինչպես նաև շեշտում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` շղթայազերծած սեփական ճակատագրին տեր լինելու, ինքնակառավարման ժողովրդավարական համակարգ ստեղծելու և այդ ճանապարհով իր գոյությանը սպառնացող վտանգները դիմագրավելու պայքարի կարևորությունը:
Տոնում ենք բոլորիս հաղթանակը հանդիսացող այս քայլը և ուզում ենք հատուկ գնահատանք արձանագրել Հայ Դատի գործիչների հանդեպ, որոնք սույն նպատակի համար երկար տարիների տքնաջան աշխատանք են տարել: Սույն բանաձևի որդեգրումը հայ ժողովրդի վճռական հաղթանակն է՝ ի նպաստ Արցախի բնակչության և ինքնորոշման համար պայքար մղող բոլոր ժողովուրդների:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե »




Լրահոս