Արամայիս Գրիգորյանը` նախարարության աշխատակցի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը երեկ հայտնել էր` ձերբակալվել է  Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության տեսչության պետ Ա. Լաբլաջյանը: Նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ որոշակի փաստեր կան, որոնցով համապատասխան քննչական խումբն է զբաղվում, և այս պահին ոչ մի բան հնարավոր չէ ասել:

Այն հարցին, թե այդ չարաշահումներն իր նախարարության օրո՞ք չեն եղել, Գրիգորյանը պատասխանեց, թե կարծում է, որ դրանք հին գործեր են: «Եղել է արագ արձագանքման խումբ, ես նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքից ազատել եմ այդ մարդկանց՝ իմ որոշումով ցրել եմ այդ խումբը: Բայց չեմ ուզում որեւէ կոնկրետ բան ասել, որովհետեւ լիովին ինֆորմացված չեմ: Առաջիկայում, հուսով եմ, իրավապահ մարմիները ձեզ կներկայացնեն մարամասները»,- նշեց նա:

Իսկ այն հարցին, թե ինչու է նախարարը ցրել այդ արագ արձագանքման խումբը, Գրիգորյանը պատասխանեց, թե ավելորդ է համարել այդ խմբի գործունեությունը:  «Ես որեւէ մեկի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, այլ եղել է տեսչություն և չեմ ուզել, որ տեսչության մեջ մի առանձին խումբ լինի»,- նշեց նախարարը:

Լրագրողների հարցին, թե արդյոք սա բիծ չէ՞ նախարարության համար, Գրիգորյանը նշեց, թե յուրաքանչյուր ոլորտում էլ կան թերություններ, բայց բոլորը պետք է աշխատեն թափանցիկ:  Իսկ անդրադառնալով ամբողջ տեսչության աշխատանքին՝ նախարարը նշեց, թե հիմա կանոնակարգման աշխատանքներ են իրականացվում, կան որոշակի բացեր ու թերություններ, որոնք պետք է լրացնել:




Լրահոս