Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսության բնակիչները ոստիկանություն են զանգել, երբ Լա Մանշի ափին նկատել են ավստրալացի մարզիկ Յոն վան Վիսսեին, որը պատրաստվում էր լողալով անցնել նեղուցը:
Ինչպես տեղեկացնում է The Sydney Morning Herald-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու սահմանապահներն արագ պարզել են, որ մարզիկը չի փորձում ապօրինի հատել պետական սահմանը, այլ պատրաստվում է աշխարհի ռեկորդ սահմանել:
41-ամյա Վան Վիսսեն վազքով անցել էր Լոնդոնից Դուվր ընկած 138 կմ տարածությունը և պլանավորում էր լողալով հատել Մեծ Բրիտանիան Եվրոպայից առանձնացնող 34 կմ լայնությամբ նեղուցը: Տեղի բնակիչները կարծել են, թե նա ապօրինի միգրանտ է:
Իր երթուղու վերջին հատվածը՝ մինչև Փարիզ ընկած 290 կմ տարածությունը, նա հաղթահարելու է հեծանվով: