ԱՊՊԱ-Ն ԱՐԴԵՆ ՃԵՂՔԵՐ Է ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարեվերջին, մոլեգնող գնաճի  արդյունքում` սոցիալական աննախադեպ լարվածության ֆոնի վրա մեր ազգաբնակչությանը մի լրացուցիչ ցնցում էր սպասում` ի դեմս ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) կոչվող նորամուծության: Պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՊՊԱ-ն, դիմենք պարզ մաթեմատիկական գործողությունների:  Այսպես, հաշվարկված մոտավոր տվյալներով, այսօր Հայաստանում մոտ 300 հազար սեփականատեր ունեցող փոխադրամիջոց կա, որոնք ենթարկվելու են վերոնշյալ ԱՊՊԱ-ին: Եթե այս թիվը բազմապատկենք միջինը 30.000 – 40.000-ով, այսինքն այն գումարով, որը մեքենայի սեփականատերը պետք է իր գրպանից վճարի, կստացվի ոչ ավելի ոչ պակաս 9-12 մլրդ դրամ: Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում «վերադարձի մեխանիզմում». Ըստ ճշտված տվյալների, ՀՀ-ում 2010 թ. ընթացքում տեղի է ունեցել մոտ 2000 ճանապարհա-տրանսպորտային պատահար, ինչը կարելի է վերցնել որպես տարեկան միջին ցուցանիշ: ԱՊՊԱ-ով նախատեսված` մեկ ավտովթարի հետեւանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված 1,5 մլն դրամ, ինչը բազմապատկած վերոնշյալ 200-ով ստանում ենք 3 մլրդ դրամ, որն էլ, ինչպես տեսնում ենք, բավական հեռու է 9-12 մլրդ դրամից, եւ ակնհայտ է, որ հաշվարկ անողները շատ լավ նախահաշվարկել են հնարավոր գերշահույթը: Հասկանալի է, թե իրականում այդ փոխհատուցումը ինչ գնով կհասնի տուժած վարորդին, եթե, իհարկե, հասնի, եւ բնականաբար էլ` այդ 1,5 միլիոնի «երեսը» կտեսնեն հատուկենտները: Մանավանդ որ ինտերնետային կայքերից (http://abcfinance.am/am-appa.html) տեղեկանում ենք, որ «Ապահովագրական փոխհատուցում չի տրվում, երբ հատուցումների վճարումը հնարավոր չէ վնասի ծավալի, վերականգնման անհնարինության կամ իրավական (բարոյական) պատճառներով»: Դե արի ու իմացիր, թե ԱՊՊԱ-ի «կնքահայրերը» որն են համարում «…վնասի ծավալի, վերականգնման անհնարինության կամ իրավական ու բարոյական պատճառները»: Ո՞ր մի վթարի ենթարկված ավտոմեքենայի տերը կարող է վստահ լինել, որ իր դեպքի վրա այս վերապահումը չի տարածվում: Սակայն եկեք ձեւացնենք, թե դրա մասին անտեղյակ ենք եւ հաշվարկն անենք բոլոր դեպքերի համար առավելագույն չափով, ինչի արդյունքում էլ, ինչպես վերը նշեցինք, ապահովագրող կողմը ստիպված կլինի սնանկանալ 3 մլրդ-ով (սա զուտ տեսականորեն): Եւ նույնիսկ այդ դեպքում պարզ թվաբանությունը մեզ հուշում է, որ այս գործարքից նա կգրպանի ամենաքիչը 6-9 մլրդ դրամ (իսկ իրականում հասկանալի է` շատ ավելի շատ):  Նորից հիշեցնենք, որ մեր հաշվարկում կիրառված թվերը խիստ մոտավոր են, եւ խնդիրը ոչ այնքան գերշահույթի մեջ է, որքան` այն բազմաթիվ ու տարաբնույթ հարցականների, որոնց պատասխանը այսօր մենք չգիտենք: Ինչպե՞ս եւ ի՞նչ սկզբունքով են հաշվարկվել գանձման չափերը: Սակայն ավելի մտահոգիչ է այն հարցադրումը, թե ի՞նչ կերպ կիրականացվի փոխհատուցումը: Չէ որ ավտոմեքենայի ապահովագրման (մինչ այժմ` ոչ պարտադիր) փորձառույթը մեզանում արդեն գործում է մասնավոր ապահովագրական գործակալությունների միջոցով, եւ հատկապես ավտոմոբիլի սեփականատերերը քաջ տեղյակ են, թե ինչպես է այն գործել: Հայտնի է, որ այդ գործակալությունները, մեղմ ասած, իրենց բարձրության վրա չեն գտնվել, ավելին` հիմնականում գործել է տարրական «գցելու» սկզբունքը: Որտեղի՞ց է երեւում՝ ԱՊՊԱ-ի կյանքի կոչվելուց հետո էլ նույն սկզբունքները չեն գործի, առավել եւս, որ ինչպես տեսանք վերը, վերապահումներն արդեն արվել են: Անվստահությունն է՛լ ավելի խորացավ, երբ օրերս համապատասխան ատյաններից հայտարարություն արվեց, թե այս տարվա սկզբին ճանապարհային պատահարների քանակը միջինից (այսինքն` սպասվածից) բարձր Է եղել, ինչի արդյուքում ԱՊՊԱ-ի որոշ պայմաններ պետք է վերանայվեն: ՎԱՀԵ ՔՈՉԱՐ




Լրահոս