«Գարշահոտությունից չենք կարողանում շնչել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի եւ Բյուրեղավան քաղաքի բնակիչները բողոքի ակցիա անցկացրեցին` իշխանություններից պահանջելով միջոցներ ձեռնարկել հարեւանությամբ գործող «Առողջ սունկ» ընկերության տարածած գարշահոտության դեմ: Բնակիչների պնդմամբ` արտադրամասի գրեթե մեկ տարվա գործունեության արդյունքում իրենք չեն կարողանում հանգիստ շնչել եւ օգտվել սեփական այգիներից:

70-ամյա Սուսաննան 16 տարի է, ինչ բնակվում է Նուռնուսում: Նրա խոսքով` բնակիչները դեռ հունվար ամսից դժգոհում են արտադրամասի տարածած գարշահոտությունից: «Գործարանը մի երկու ամիս աշխատեց ու մենք սկսեցինք դժգոհել: Երբ նախօրեին փակեցինք արտադրամաս տանող ճանապարհը, դրանից անմիջապես հետո գարշահոտությունը վերացավ: Վերջապես էս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք մեր սեփական այգում մեկ բաժակ սուրճ խմել եւ մի կտոր ձմերուկ ուտել»,- ներկայացրեց տիկին Սուսաննան:

«Ժողովուրդ»-ը դժգոհող բնակիչներից տեղեկացավ, որ երեկ նրանք հանդիպել են Աբովյանի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի, Նուռնուսի գյուղապետ Մնացական Գեւորգյանի եւ «Առողջ սունկ» ընկերության ներկայացուցիչների հետ: Վերջիններս բնակիչներից մեկ ամիս ժամանակ են խնդրել` խնդիրը կարգավորելու համար: «Խոստացել են գարշահոտությունը իսպառ վերացնել, հակառակ դեպքում` կտեղափոխվեն այստեղից: Նշեմ, որ աշխատելու ընթացքում էլ հնարավոր է էլեկտրաէներգիան անջատվի ու դրանից կրկին գարշահոտություն է տարածվում: Չեք պատկերացնում, թե դա ինչ վատ հոտ է: Այն նման է սատկած կենդանու հոտին: Մենք ոչ կարողանում ենք այս շոգ եղանակներին պատուհան բացել, շնչել, ոչ էլ մեր այգիներից օգտվել: Անգամ այն ճնճղուկ կոչվող ծտերը, որոնք ժամանակին հացը սեղանից թռցնում- տանում էին, հիմա այդ հոտից չկան: Անընդհատ խոստանում էին, որ կանցնի, բայց չի անցնում: Անգամ մենք` բնակիչներով անձամբ գնացել ենք, փորձել ենք խոսել ընկերության տնօրինության հետ, բայց անարդյունք»,- պատմեց մեկ այլ բնակիչ:
Բնակիչների պատմելով` «Առողջ սունկ» ընկերության արտադրամասը նախկինում գործել է Եղվարդ քաղաքի մոտ: Սակայն այնտեղ էլ գարշահոտության պատճառով տեղացիները սկսել են բողոքել: Դրանից հետո արտադրամասը Եղվարդից տեղափոխվել է Նուռնուս գյուղի եւ Բյուրեղավան քաղաքի մոտ:

Թեեւ ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն անձամբ չի հանդիպել բնակիչների հետ, սակայն մարզպետարանի համապատասխան աշխատակիցները վստահեցնում են, որ իրենք նույնպես մտահոգված են խնդրով:«ՙԺողովուրդ»-ը զրուցեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մհեր Եղիազարյանի հետ, ով ասաց. «Այս հարցի հետ կապված ընդամենը մեկ ամիս առաջ ավելի քան 30 բնակչի անունով դիմում ենք ստացել: Բայց տեղեկացնեմ, որ ընկերությունն ունեցել է բոլոր համապատասխան փաստաթղթերը եւ փորձաքննություն է անցել: Ամեն դեպքում, ընկերությանը պարտավորեցրել ենք, որ համապատասխան ժամանակացույց, գրաֆիկ կազմեն եւ ներկայացնեն: Մենք ուղղակի այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում ենք պահում եւ իրենք խոստացել են լուծել այն»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տնօրենի տեղակալ Աշոտ Գեւորգյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին տեսչությունը ընկերությունում ստուգումներ է իրականացնում: «Ե´վ սանիտարահիգիենիկ, ե´ւ բնապահպանական տեսչության կողմից արված փորձաքնության արդյունքներով նորմաների գերազանցում չի ֆիքսվել: Բայց ինչ վերաբերում է հոտին, ապա այն պարբերաբար կրկնվում է: Մեր ստուգումները շուտով կավարտվեն եւ առաջիկայում կհրապարակվեն արդյունքները: Արդեն վերջնական փուլում ենք»: Տեսչության տնօրենի տեղակալի խոսքով` Եղվարդից տեղափոխվելուց հետո ընկերությունը կատարելագործել է իր տեխնոլոգիաները. «Եղվարդում մենք մեկ անգամ ենք միայն ստուգումներ իրականացրել, ինչի արդյունքում վարչական տուգանք նշանակվեց: Հետո ընկերությունը տեղափոխվեց: Բայց ընկերությունն ունի բոլոր համապատասխան օրինական փաստաթղթերը»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ է ձեռնարկվում այս խնդրի լուծման ուղղությամբ: Տնօրենը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ այս պահին ընկերության աշխատակիցները պետք է նույնիսկ 24- ժամյա գրաֆիկով աշխատեն, որպեսզի ստեղծված խնդիրն արագ լուծեն: «Ճիշտ է, դա որոշակի անհարմարույթուն է ստեղծում բնակիչների մոտ, սակայն մենք այսօր այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մեկ ժամ առաջ լուծվի խնդիրը»,- հավաստիացրեց նա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս