ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌԵՎՍ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Դեռես դեկտեմբերի 18-ին ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում են անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: Հայտարարությունում մասնավորապես ասված էր. «Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը: Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ: Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում: Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ` պարզելու՝ արդյոք պատրաստվում են միանալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ՀԱԿ-ը պատրաստվում է անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: Ձեր խմբակցությունը միանո՞ւմ է այդ նախաձեռնությանը, եւ եթե այո, ի՞նչ փուլում են գտնվում աշխատանքները:
-Աշխատանքները քննարկման փուլում են, բոլորին հայտնի է, որ ՀԱԿ-ը պատրաստում է նման նախաձեռնություն, դա նույն ընթացակարգով է լինելու, այսինքն՝ ԱԺ որոշման նախագծով՝ 44 ստորագրությամբ: Այս պահին չեմ ցանկանում շատ բան ասել: Մի բան հստակ է, «Բարգավաճ Հայաստան»-ը միանալու է այդ նախաձեռնությանը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, Ձեր խմբակցությունը միանալո՞ւ է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
-Մենք քննարկում ենք ներկայացված առաջարկությունը, դեռ վերջնական տեսակետ չունենք այս պահի դրությամբ: Ոչ թե այն պատճառաբանությամբ, որ կառավարությանը վստահում ենք կամ չենք վստահում, այլ քայլի քաղաքական, տրամաբանական եւ, ի վերջո, վերջնական նպատակն ենք ուզում հասկանալ: Եթե դա ձեւականություն է դիտվելու, ապա անիմաստ է, բայց վերջնական որոշում դեռեւս չենք կայացրել:
-Իսկ ի՞նչը կարող է ՀՅԴ-ին «համոզել», որ միանաք, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում, որ հարցը դեռեւս խմբակցությունում քննարկում եք:
-Ակնկալիքների մասին… ես դեռեւս չգիտեմ՝ ինչ է, դրա համար ասում եմ, որ այդ բոլոր հարցերը պետք է քննարկման առարկա դառնան, որպեսզի վերջնական որոշում կայացնենք: Չունենք վերջնական որոշում, բայց առաջարկը ստացել ենք: Նախապես էլ 4 խմբակցություններով քննարկում էինք այս հարցը՝ որպես օրակարգային հարց, բայց վերջնական լուծում չկար, հիմա պաշտոնապես ՀԱԿ-ից ստացել ենք այդ առաջարկն ու քննարկում ենք:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՅԴ-ն միանգամից չի համաձայնում ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել: Գուցե բավարար հիմքեր, փաստեր չկա՞ն:
-Չէ՛, խնդիրը փաստերի մեջ չէ, շատ փաստեր կան: Նույնիսկ առանց հիմնավորման դուք կարող եք այդ նախագիծը ներկայացնել, խնդիրն այլ բանի մեջ է՝ արդյունք ստանալու: Եթե արդյունք պետք է ստանանք՝ թեկուզ անգամ կառավարությունը պահպանելով, բայց փոփոխելով քաղաքականությունը, դա էլ է արդյունք, բայց եթե քաղաքականության ձեւերը, նպատակադրումները եւ գործիքակազմը չփոխվի, արդեն դառնում է անիմաստ:
-Անվստահություն հայտնելու եք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՞ն, թե՞ ամբողջ կառավարությանը:
-Չէ՛, ամբողջական կազմին՝ չնայած օրենքն ամրագրում է, որ վարչապետի հրաժարականն էլ է համարվում կառավարության հրաժարական: Վարչապետ եւ նախարարներ. դա նկատի ունենք՝ չնայած այն բանին, որ առանձին նախարարներ կան, որոնց գործունեությունը ես նորմալ եմ համարում:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացն ի՞նչ փուլում է գտնվում:
-Որեւէ որոշում չկա, առաջիկայում կլինի 4 խմբակցությունների համատեղ քննարկում, կոնսուլտացիաներ, նոր կորոշենք հաջորդ քայլերը:
-Իսկ ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում:
-Քառօրյայի պատճառով չենք հասցրել քննարկել, գազն էր եւ այլն, բայց քառօրյայի ավարտից հետո կոնսուլտացիաներ կանենք ու կներկայացնենք:
Հ.Գ. ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը եւս քննարկում է հարցը:

 

 

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը սկանդալային է եղել: Բանը հասել է անգամ նրան, որ եվրոպական կողմի նախաձեռնությամբ չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի նախագահի անունից հրավիրված ճաշը: Իսկ այդ ամենի մեղավորը, ըստ հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն է:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԵՄ պատվիրակությունը նիստին չի ներկայացել այն կազմով, որը նախատեսված է եղել, բացի այդ` առաջարկել են ոչ թե ելույթներով հանդես գալ, այլ ուղղակի հարցուպատասխանի միջոցով քննարկումներ անցկացնել: Նիստն ընթացել է լարված մթնոլորտում, եւ հայկական կողմի հետ խոսել են շատ «չորով»: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հարց են ուղղել ՀՀ պատվիրակությանն այն մասին, թե Մաքսային միությանը միանալուց հետո ԵՄ հետ տնտեսական կապերի ինչ նոր ձեւաչափ են ակնկալում եւ որն էր ՄՄ-ին անդամակցելու` ՀՀ շահը: Հարցին պատասխանել է Վահրամ Բաղդասարյանը` նշելով, որ Հայաստանին շատ լավ ապագա է սպասվում ՄՄ-ի կազմում:
Ի պատասխան՝ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները շեշտել են, որ ՀՀ-ի հետ բանակցությունների ողջ ընթացքում իրենք բազմիցս հարց են ուղղել հայկական կողմին, թե արդյոք ԵՄ հետ ընդգրկուն համագործակցությունը չի խանգարի հայ-ռուսական հարաբերություններին անվտանգության հարցում, եւ հայկական կողմը մշտապես վստահեցրել է, որ դա որեւէ խնդիր չի առաջացնի:
Այնուհետ եվրոպացիները Ղարաբաղի հարցով ոչ հայանպաստ ձեւակերպումներով ելույթներ են ունեցել` Հայաստանին մեղադրելով կարգավորման գործընթացը ձախողելու մեջ: Ավելին, հնչել է առաջարկ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու մասին: Իսկ երբ հայկական պատվիրակության անդամները փորձել են հակադարձել, նրանց պարզապես դա թույլ չեն տվել: Արդյունքում` նիստն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման, ինչն աննախադեպ երեւույթ է:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել հայկական պատվիրակության անդամների հետ, սակայն վերջիններս կա՛մ մեր հեռախոսազանգերին համառորեն չէին պատասխանում, կա՛մ էլ հայտարարում էին, թե զբաղված են: Միայն Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու է Եվրախորհրդարանի նախագահի անունից հրավիրված ճաշը չեղյալ հայտարարվել, ասաց. «Մարդու զբաղվածության պատճառով: Ներողություն է խնդրել, որ չի լինելու, բայց թե ինչ զբաղվածություն, տեղյակ չեմ: Բայց ճաշը պատրաստ է եղել, մենք ուղղակի չենք գնացել, այդքան բան»:
Իսկ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը համառորեն չպատասխանեց մեր հարցերին` հայտարարելով, թե ինքն այսօր ասուլիս է հրավիրելու, որտեղ էլ կտա բոլոր հարցերի պատասխանները:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

«ԱՆՈՒՇ»-Ն ԷԼ ՉԴԻՄԱՑԱՎ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները միացել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին։ «Անուշ» օպերայի անձնակազմը երեկ բոյկոտել է նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չի եկել։ Փոխարենը նրանք դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ աշխատակիցներին միացել են նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։ Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը, բայց ոչ միայն չի դժգոհել, այլեւ ողջունել է անձնակազմի քայլը։ Իսկ ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են։
Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնում շատ երիտասարդներ կան, իրոք, կենսաթոշակների հետ կապված խնդիր գոյություն ունի, եւ իրենք բանակցում են, ցանկանում լուծել այդ հարցը։

 

ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ

Հայաստանը մտադիր է Իրաքի քաղաքացիների համար մեղմացնել վիզային ռեժիմը: Եթե այժմ Իրաքի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ` միայն հրավերի հիման վրա դիմելով ՀՀ դեսպանատուն, ապա այս որոշումն ընդունելու դեպքում իրաքցիների համար հրավերն այլեւս անհրաժեշտ չի լինի: Կառավարությունն այս քայլին է գնացել ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, քանի որ, կառավարության կարծիքով, Իրաքում զբոսաշրջության մեծ ներուժ կա:

 

ՇԱՏ ԾԱԽՍՈՎ

ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, գնալով նվազում են բնական գազի ներկրման ծավալները: Եթե 2012թ. ՀՀ ներկրվել է 2.4 մլն խմ գազ, ապա 2013թ. այդ թիվը դարձել է 2.3 մլն խմ: Փոխարենը աճել է ներկրված գազի արժեքը: Այլ կերպ ասած՝ գնել ենք ավելի քիչ գազ, սակայն վճարել ավելի շատ: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊԵԿ վիճակագրական տվյալներից պարզեց, որ 2012թ. ՀՀ ներկրված 2.4 մլն խմ գազն արժեցել է 532.5 մլն դոլար, իսկ նախորդ տարի ներկրված 2.3 մլն խմ-ն` մոտ 588 մլն: Եվս մեկ կարեւոր հանգամանք. ՌԴ-ից ներկրված գազի ծավալներն առանձնապես չեն փոխվել. ե՛ւ 2012թ., ե՛ւ 2013թ. ՀՀ-ն ներկրել է 1.9 մլն խմ գազ, սակայն եթե 2012-ին վճարել ենք 444 մլն դոլար, ապա 2013-ին այդ թիվը դարձել է 513 մլն:




Լրահոս