ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՏՆՕՐԵՆԻ ԾԵԾԻ ՓԱՍՏՈՎ

Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Երկար փորձություններից հետո 2013թ. ապրիլի 23-ին դպրոցում տեղի ունեցած ծեծի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ է հարուցվել:
Մինչ հարուցված քրեական գործին անդրադառնալը հիշեցնենք, թե որտեղից սկսվեց ամեն ինչ:

«Ժողովուրդ»-ը վերը նշված օրը հրապարակել էր, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել դպրոցի արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն էր եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել էր տուն: Աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել էր դպրոց եւ տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Ավելի ուշ տնօրենի եւ աշակերտուհու մոր միջեւ սկսվել էր վեճ, որը վերածվել էր ծեծկռտուքի: Այդ օրերին լուրեր տարածվեցին, որ դպրոցի անվտանգության աշխատակից Գարիկը, ուժ գործադրելով, ծեծի ենթարկելով, հրել եւ քաշքշել էր Նատալյային՝ վռնդելով նրան տնօրենի աշխատասենյակից: Չնայած «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գայանե Սարուխանյանն ասել էր, թե նման բան չի եղել, սակայն ծեծի ենթարկված Նատալյան մեզ պատմել էր, որ միջադեպ եղել է, ինքը ստացել է վնասվածքներ, դիմել դատաբժշկի եւ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ օրենքի շրջանակում հարցը կարգավորելու համար:
Այս դեպքից հետո՝ 2013թ. հունիսի 7-ին, տնօրեն Սարուխանյանը եւ Նատալյան դիմեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դպրոցի տնօրենը, դիմելով դատարան, մեկ պահանջ էր ներկայացրել, որպեսզի աշակերտուհու մայրը իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքի եւ հրապարակավ ներողություն խնդրի, իսկ ահա Նատալյան դպրոցի տնօրենից, բացի իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրելուց, պահանջել էր նաեւ 1 մլն դրամի փոխհատուցում: Այս գործով դատավորը Ռուբեն Ներսիսյանն է: Թե ինչ կերպ կավարտվի տնօրեն եւ ծնող «առաջին ռաունդը», դեռ հայտնի չէ:

 

«Ռաունդ երկրորդ»
Մինչ «առաջին ռաունդում» կողմերը պատվի, արժանապատվության փոխհատուցման հարցն են փորձում լուծել, սույն գործը թեւակոխեց «երկրորդ ռաունդ»: Հիշեցնենք՝ Նատալյա Սարգսյանը դպրոցում իրեն ծեծի ենթարկելու մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին: Սակայն այնտեղ մերժվել էր նրա՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրգործ հարուցել:
Նատալյան էլ ձեռնունայն չէր նստել: Նա ոստիկանության այդ որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ ահա այս դատարանը բավարարեց ծեծի ենթարկված Նատալյայի բողոքը՝ այն հետ ուղարկելով ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջերս հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Եթե ապացուցվի Սարուխանյանի մեղքը, ապա նրան սպասվում է տուգանք կամ էլ 2-ամսյա կալանք:
Տեղեկացնենք, որ նախաքննական մարմինը հարուցված քրգործի շրջանակներում որպես վկա ցուցմունքներ է վերցրել նաեւ «Ժողովուրդ»-ի լրագրողից: Թեեւ քննիչը պահանջում էր, որ մենք բացահայտենք ինֆորմացիայի աղբյուրը, թե որտեղից ենք իմացել, որ տնօրենը ծեծել է Նատալյային, սակայն մենք, հիմնվելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա, տեղեկացրինք, որ «լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եթե տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:
Այսպիսով՝ մենք չբացահայտեցինք մեր ինֆորմացիայի աղբյուրը՝ շեշտելով, որ նաեւ դրա անհրաժեշտությունն այս դեպքում չկա, քանի որ տուժող Նատալյան արդեն իսկ հաստատել է, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն իրեն ծեծի է ենթարկել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կողմերից՝ Գայանե Սարուխանյանից եւ Նատալյա Սարգսյանից պարզել, թե ինչ են մտածում իրավական այս ընթացակարգերի մասին, սակայն երկու կողմերն էլ հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՆՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻ՞

Փետրվարի 13-ի ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ 2016թ. ամառային զորակոչը տարկետման իրավունք է տրվելու Արմեն Մանուչարյանին, Էդգար Բաղումյանին եւ Անդրեյ Շահգելդյանին: Հարցը ներկայացնելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 30-ի 246-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհել Արմեն Մանուչարյանին, Էդգար Բաղումյանին եւ Անդրեյ Շահգելդյանին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականում, եւ անհրաժեշտություն է առաջացել նրանց տալ տարկետում մինչեւ 2016թ. ամառային զորակոչը:

 

ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Վերջին օրերին Երեւանի մի շարք վարչական շրջաններում երիտասարդ աղջիկները, թակելով քաղաքացիների բնակարանների դռները, սոցհարցում են իրականացնում: Նրանց հետաքրքրում է, թե քաղաքացիներն ինչ հաճախականությամբ են խանութներից կամ սուպերմարկետներից գնումներ կատարում, որքան աշխատավարձ են ստանում, գնումներ կատարելիս հաշվի առնում են ապրանքի որակը, գինը եւ այլ հարցեր: «Ժողովուրդ»-ի թղթակիցը պարզեց, որ հարցումն իրականացնում է «Մեդիա-մոդել» ՍՊԸ-ն, որի ներկայացուցիչները հրաժարվում են ասել, թե ինչու են արվում այդ հարցումները: Նրանք նաեւ գաղտնի են պահում, թե ում պատվերով են դա անում:

 

ՄՏԵՐԻՄ ԷԻՆ

Երեկ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով եւս մեկ հոգի է կալանավորվել` Տիգրան Ասատրյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Ավելի ուշ սպանության կասկածանքով կալանավորվել էր «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության նախկին աշխատակից Իսրայել Սարգսյանը` Իսոն: Սակայն նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը: Ըստ վարկածներից մեկի` Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով՝ 48 տարեկան Մովսեսը` Մոսոն, որի հետ է եղել նաեւ 45-ամյա Իսրայելը: Նախնական տեղեկություններով՝ Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել խողովակի մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ձերբակալված Տիգրանն ու սպանված Արթուրը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ այսօր կալանքի տակ գտնվող Իսոն եւ Տիգրանը ներկա են եղել Արթուրի հոգեհանգստին: Իսկ Մոսոն կամ նրա դին մինչ օրս չեն հայտնաբերվել:

 

ԳՆՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը դիմում է գրել, որ իրեն Կենտրոնի դատարանից տեղափոխեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Փորձեցինք պարզել, թե ինչն է եղել դատավորի դիմումի պատճառը, սակայն ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը չպատասխանեց` ասելով. «Անձնական նպատակահարմարությունները չեմ մեկնաբանում»:

 

 

 

 
ԲԼԹ

 

«ԸՆդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ուժերը քննադատում են իշխանության երեք ճյուղերից միայն գործադիրին, սա նշանակում է, որ մեր ընդդիմադիրները գոհ են իշխանության մյուս ճյուղերից»:

Սամվել Նիկոյան Tert.am
Ինչպիսի՜ բացառիկ վերլուծական կարողություններ՝ ամբողջովին ՀՀԿ չափանիշներին համապատասխան: Երեւի նման վերլուծությունների համար է ՀՀԿ-ական պատգամավորը ժամանակին ԱԺ նախագահի աթոռը զբաղեցրել: Այսինքն, եթե մի քանի օր քիչ են քննադատում կամ նույնիսկ չեն քննադատում, ուրեմն գո՞հ են: Ախր ինչպե՞ս կարելի է իշխանություններից գոհ լինել: Չէ՞ որ այս իշխանության օրոք արտագաղթի տվյալները անասելի աճեցին, աղքատությունը մեծացավ, երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակում է: Իսկ ամեն օր այս մասին խոսելը, մեղմ ասած, հոգնեցնող է: Դրա համար էլ մարդիկ երբեմն լռում են:

 
«Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում գումարներ են վճարում ինչ-որ անձանց»:

Տարոն Մարգարյան Yerevan.am
Անընդունելի շատ բաներ կան, հատկապես անընդունելի է Տարոն Մարգարյանի նման «գծատեր» ու գնալով հարստացող քաղաքապետ ունենալը, անընդունելի են քաղաքային բյուջեի անիմաստ վատնումները, որոնց մեջ իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀԿ-ական քաղաքապետը: Ինչ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղիներին, առհասարակ անընդունելի է այդ գաղափարը, անընդունելի են կարմիր գծանշումները եւ ԴԱՀԿ պետի ազգականին հարստացնելուն ուղղված վճարումները: Անընդունելի է այս նախաձեռնության միջոցով մայրաքաղաքի վարորդների թալանը, որում իր ներդրումն ունի Տ. Մարգարյանը:

 
«Ես եղել եմ իմ օֆիսում, իմ բոլոր մարզիկներին հավաքել եմ իմ մոտ, որպեսզի չթողնեմ՝ հանկարծ փողոց դուրս գան, որ ոչ մի ազդեցության տակ չընկնեմ… ի՞նչ զորանոցի մասին է խոսքը»:

Գոռ Վարդանյան 168.am
Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ սովորաբար բոլոր մարզիկները գիշերները քնում են՝ առավոտյան վաղ արթնանալու եւ հաջորդ օրվա մարզումներին պատրաստ լինելու համար, այլ ոչ թե ֆեդերացիայի «օֆիսում» հավաքներ կազմակերպում: Չե՞ք կարծում, որ մարտի 1-ին գիշերը հավաքվելու փաստն արդեն կասկածելի է: Ինչ վերաբերում է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահի՝ որեւէ մեկի ազդեցության տակ ընկնելուն, ապա մեր երկրում որեւէ մեկի համար նորություն չեն նրա փոխհարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ. նա ժամանակին Քոչարյանի թիկնազորում է եղել: Պարզապես սա առժամանակ մոռացվել էր:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս