ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՑԸ ՏՆԻՑ ՏԱՆՈՒՄ ԷՐ ՈՒ ԲԱԺԱՆՈՒՄ ՏՂԵՐՔԻՆ»

ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչ, 54-ամյա ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը, որի մարտական անունն է Ռեմբո, այժմ ապրում է սոսկալի վատ պայմաններում: Իսկ նրա 50-ամյա կինը` Ռուզաննա Ստեփանյանը, առողջական խնդիրներ ունի, որոնց բուժման համար, սակայն, ընտանիքը գումար չունի: Ռեմբոն անցյալ տարվանից իր մարտական ընկերների հետ պայքարում է ազատամարտիկների սոցիալական կարգավիճակի բարելավման համար:
Ստեփան Ստեփանյանը 1989-ից մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին: «Անկախության բանակ» կամավոր ռազմական կազմակերպության մարտիկ է: 1989թ.-ից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Վարդենիսի շրջանի պաշտպանությանը, իսկ 1991-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանական գործողություններին: Նույն տարվա ապրիլին արկի պայթյունից ստացել է մարմնական վնասվածք եւ գանգուղեղի կոնտուզիա, սակայն լիովին չապաքինված` թերի բուժում ստանալուց հետո, վերադարձել է շարքերը եւ մասնակցել Շահումյանի շրջանի մարտական գործողություններին: Իսկ 1994-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Մաղավուլ, Հակոբ Կամարի, Տոնաշենի եւ մյուս գյուղերի ազատագրմանը:
Պատերազմի դաշտում վիրավորվելով` բացի վերը նշված կոնտուզիայից, ստացել է աջ ազդրի եւ գլխի գագաթային շրջանի բեկորային հրազենային վնասվածքներ: Սակայն այսօր երրորդ կարգի հաշմանդամ է: «Թող մեր իշխանությունները տղերքին նայեն, թե չէ հիմա կան 24 տարեկան երիտասարդներ, որոնք մարտական գործողությունների համար թոշակ են ստանում: Զարմանալի բաներ են»,-մեզ հետ զրույցում դառնությամբ նշեց ազատամարտիկը:
Մարտական գործողություններին մասնակցելու եւ երրորդ կարգի հաշմանդամության համար Ռեմբոն ստանում է ընդամենը 46 հազար 800 դրամ գումար: Բացի այս՝ ազատամարտիկի ընտանիքն օգտվում է ընտանեկան նպաստից, որը կազմում է 32 հազար դրամ: Ռեմբոն ունի երեք զավակ եւ ութ թոռնիկ: Նրա միակ որդին այս պահին ՌԴ-ում է` արտագնա աշխատանքի: Ազատամարտիկն ապրում է կնոջ, հարսի, դստեր եւ հինգ թոռների հետ. «Ութ թոռ ունեմ, ութն էլ տղա: Ութ զինվոր: Պետք է գնան ու էս կառավարության համար կռվեն»: Այս բազմանդամ ընտանիքը գոյատեւում է ընդամենը 78 հազար 800 դրամով, որը, բնականաբար, չի բավարարում անգամ նվազագույն հոգսերը հոգալուն:
Այս ամենի հետ մեկտեղ, Ռեմբոյի 50-ամյա կինը` տիկին Ռուզաննան, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծելու համար ընտանիքը միջոցներ չունի. «Ողնաշարի վրա յոթ ճողվածք ունեմ, բժիշկներն առաջարկում են դեղերով բուժել, սակայն դրանց համար բավարար գումար չունեմ: Ի վիճակի չեմ նույնիսկ հողագործությամբ զբաղվել: Բացի այս՝ արյունն ուղեղումս նորմալ շրջանառություն չի կատարում, դրա համար անընդհատ գլխապտույտ եմ ունենում»:
Ազատամարտիկի կինը հիշում է, որ երբ ամուսինը պատերազմի դաշտում էր, ինքը միայնակ է իր երեք երեխաներին մեծացրել, նաեւ` պահել ամուսնու հաշմանդամ ծնողներին: «Շատ դժվար էր: Ու այդ ընթացքում ոչ մի օգնություն չի մտել մեր տուն: Իսկ ամուսինս էլ շատ ուշ-ուշ էր գալիս, բայց տուն չէր մտնում: Այն ժամանակ մեր հացի պահարանը դրսում էր` տան շեմի մոտ, ինքն էլ գալիս էր, իմ էրեխեքի հացը վերցնում, տանում ու բաժանում տղերքին: Պատուհանից տեսնում էինք, թե ինչպես էր «ՈւԱԶ» մեքենան կանգնում, մենք էլ սպասում էինք, որ մտնելու է տուն, բայց չէր մտնում, հացը վերցնում էր ու նորից գնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց տիկին Ռուզաննան:
Հայրենիքի ճակատագրով մտահոգ ազատամարտիկն այսօր ապրում է վթարավտանգ տան մեջ. նրա տան վնասվածության մակարդակը մասնագետների կողմից գնահատվել է չորրորդ աստիճանի: Տունն անվտանգ դարձնելու համար անհրաժեշտ է իրականացնել մեծ ծավալի ուժեղացման ու վերականգնման աշխատանքներ: Չորրորդ աստիճանի վթարային տան մեջ սաստիկ ցուրտ է, իսկ տան պատուհաններն անգամ ապակի չունեն: Խոնավ ու ցուրտ պայմաններում ապրելով` այս ընտանիքի անդամներն արդեն տարբեր հիվանդություններ են ձեռք բերել: Յոթ տարի է, ինչ ազատամարտիկը տան հարցով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն ապարդյուն:
Ու չնայած այս ամենին՝ ազատամարտիկը պատրաստ է հարկ եղած դեպքում նորից կրկնել իր անցած ուղին. «Պատերազմը հաղթած երկիր ենք, գոնե արժանապատիվ ապրենք: Եթե ես չգնամ պատերազմ, դու չգնաս, նա չգնա, ի՞նչ կլինի մեր վերջը: Ճիշտ է, զայրացած ենք, բայց հենց մենք առաջինը կգնանք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 3-ին Նարեկացու 65 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքի գազամատակարարումը: Վնասվել էր քաղաքը սնուցող հիմնական գազատարը, որը շահագործվում էր դեռ 60-ականներից: Օրեր անց գազամատակարարումը վերականգնվեց, սակայն այս հանգամանքը այնքան էլ չուրախացրեց Կիլիկիայի 5 հասցեում ապրող բնակիչներին: Բանն այն է, որ գազի վթարի պատճառով երկու օր անց տան ջեռուցման ողջ համակարգը դադարել է գործել: Վերջնականապես շարքից դուրս են եկել տաքացուցիչները:
Կիլիկիայի 5 հասցեի բնակչուհի Աիդա Զորյանը վստահեցնում է, որ իրենց բաքսին նորմալ աշխատել է 7 տարի, այսօր, սակայն, այն արդեն անպիտան է: 2014-ին նրանց ընտանիքում ծնվել է եռյակ, որոնց անհրաժեշտ է համապատասխան ջերմաստիճան, սակայն գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` նորածիններին տեղափոխել են պապիկի տուն: Տիկին Աիդան փորձում է ելք փնտրել, խնդրում է աջակցել` լուծելու իրենց առջեւ ծառացած խնդիրը, քանի որ համակարգն իրենց մեղքով չէ, որ պայթել է: «Թող գան, իրենք էլ տեսնեն, թե ինչքան վնաս է հասցված, կա՛մ իրենք վերանորոգեն, եւ դա պետք է շատ արագ եւ շտապ կարգով, կա՛մ ես ինքս անեմ, բոլորը չեքերով ներկայացնեմ, իրենք կոմպենսացնեն, սա մեծ գումարների հետ է կապված,-առաջարկում է Աիդա Զորյանը` ավելացնելով,-կարկուտը ծեծած տեղն է ծեծում, գազ չկա, հոսանքին մի կերպ ես համոզում մի բաժակ սուրճ եփել, հիմա էլ ջուրն է սառել»:
Զորյանների ընտանիքն այս թաղամասում միակը չէ, որ տուժել է գազամատակարարման դադարեցումից: Կիլիկիա 4-ի բնակիչները եւս կանգնած են շարքից դուրս եկած ջեռուցման համակարգի խնդրի առաջ: Այն դեպքում, երբ տանտիրուհու` Գոհար Ստեփանյանի խոսքով` ջեռուցման համակարգն անցկացնելու համար վարկ են վերցրել: Եվ հիմա` ընդամենը մեկ տարի անց, արդեն կանգնել են կոտրած տաշտակի առջեւ. «Սկզբից եթե ասեին, որ անջատումը պետք է երկար տեւի, մենք սիստեմը կդատարկեինք: Բայց որ զանգում էինք, ասում էին` վեցին կլինի, տենց էլ տրաքեց, մարդ բերեցինք, որ սիստեմը նայի, ասեց` լրիվ տրաքած ա: Դեռ չէինք հասցրել բաքսիի պարտքերը փակել: Ի՞նչ պիտի անենք»: Տուժած ընտանիքներն ակնկալում են փոխհատուցում «Գազպրոմ Արմենիա»-ից կամ աջակցություն այլ կառույցներից:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ՄՐՑԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Բոուլինգի «Արենա» ակումբում անցկացվեց ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադայի մեկնարկային մրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 20 լրատվամիջոցների ավելի քան 50 աշխատակիցներ։ Պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ՀԱՕԿ-ն այս անգամ մրցանակ էր սահմանել նաեւ 4-րդ տեղ զբաղեցնողների, ինչպես նաեւ մեկ հատուկ մրցանակ՝ ամենաշատ միավոր վաստակած մասնակցի համար: Կանանց պայքարում տեղերը բաշխվեցին այսպես. Մարինե Կարապետյան՝ «Երկիր մեդիա» TV, Անուշ Աղաբաբյան՝ Armbowling.com, Իլոնա Քամալյան՝ Vomennet.am, Ռիտա Պետրոսյան-Միքայելյան՝ «Տոտալ ֆուտբոլ»։ Տղամարդկանց քառյակն այսպիսի տեսք ունեցավ. Աշոտ Հակոբյան՝ «Առավոտ» օրաթերթ, Վահրամ Բաղդասարյան՝ «Ֆոտոլուր», Հայկ Բաղդասարյան՝ «Ֆոտոլուր», Սամվել Ջինանյան՝ «Երկիր մեդիա» TV։ Մեկ մրցահերթում ամենից շատ՝ 168, միավոր վաստակեց Մարինե Կարապետյանը եւ արժանացավ հատուկ դրամական պարգեւի:

 

ՎԵՑԵՐՈՐԴԸ… ՎԵՐՋԻՑ

Սոչի-2014-ի օլիմպիական խաղերում սկիաթլոնի 30 կմ դահուկավազքում ելույթ ունեցան Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները՝ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Ոսկե մեդալը նվաճեց շվեյցարացի Մարկուս Կոլոնյան, արծաթը՝ շվեդ Մարկուս Հելները, իսկ բրոնզը՝ նորվեգացի Մարտին Ջոնստրուդը: Ս. Միքայելյանն ընդհանուր հաշվարկում 68 մասնակիցների ցուցակում գրավեց 46-րդ տեղը, իսկ Ա. Եղոյանը՝ 63-րդ, այսինքն՝ վերջից վեցերորդ: Այսօր Սերգեյն ու Արթուրը կմասնակցեն սպրինտի ազատ ոճի մրցումներին: Ի դեպ, այդպես էլ չկարողացանք իմանալ՝ պետբյուջեից որքան գումար է հատկացվել դահուկային սպորտի ֆեդերացիային. սպորտի նախարարությունից խոստացան հայտնել, բայց հետո լռեցին։

 

ԴՈՒԲԼԵՐ

Ինչպես արդեն գրել էինք, Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում չէր կարողանում ցուցաբերել իր լավագույն որակները, սխալվում էր պարզ իրադրություններում։ Եվ ահա, վերջապես, մեր հայրենակիցը հասավ հաջողության, ավելին, դարձավ դուբլի հեղինակ Գերմանիայի առաջնության «Վերդեր»-ի հետ արտագնա հանդիպման ժամանակ։ Այդ խաղից հետո, որն ավարտվեց «Բորուսիա»-ի հաղթանակով՝ 5:1, Հենրիխը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, ովքեր շատ աշխատեցին, որպեսզի ես կարողանամ աչքի ընկնել: Վերջին շրջանում ինձ վրա մեծ ճնշում էի զգում, սակայն հավատում էի ուժերիս, եւ Յուրգեն Կլոպն այդ հարցում նույնպես շատ էր օգնում»։
Նման իրավիճակում էր հայտնվել նաեւ Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որը նույնպես Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Սեւիլիա»-ի հետ արտագնա խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին 4։1 հաշվով հաղթելու մրցակցին։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս