Երեխաներ վաճառող կնոջը սպանած տղամարդը չի դատապարտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի 47-ամյա բնակիչ, նախկինում դատված Արմեն Շահբազյանը մոտ 16 տարի առաջ` 1998 թվականի սեպտեմբերին, հայրական տանը սպանել է իր ծանոթներից մեկին՝ Դիանային:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնում են, որ տարիներ անց Շահբազյանը ներկայացել է ինքնախոստովանական ցուցմունքով և հայտնել, որ պատժից խուսափելու համար դիակը թաղել է իր տանը հարակից շինության պատի տակ:

Ոստիկանության աշխատակիցները, Շահբազյանի մատնացույց արած վայրը զննելով, հայտնաբերել են դիակի ոսկորները:

Armlur.am-ը, սակայն, տեղեկացավ, որ Արմեն Շահբազյանին ազատազրկում չի սպառնում` վաղեմության ժամկետների առկայության և անզգուշությամբ և ոչ կանխամտածված սպանություն կատարելու պատճառաբանությամբ:

Մեզ հետ զրույցում Գոգհովիտ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ Արմեն Շահբազյանն այս պահին զբաղվում է գյուղատնտեսությամբ, ապրում է կնոջ և երեխաների հետ:

«Դեպքի ժամանակ արդեն Արմենն ամուսնացած է եղել, երեխաներ է ունեցել: Շատ պատահաբար է եղել սպանությունը. գումարային հարցեր են քննարկել, ապտակել է Դիանային ու պատահաբար սպանել»,- պատմեց գյուղապետը:

Վերջինս մեզ տեղեկացրեց նաև, որ սպանված կինը բնակվել է Արթիկ քաղաքում, սակայն ոչ մի տեղ գրանցված չի եղել: Նախկինում նա դատվել է` երեխաների թրաֆիքինգով և առուվաճառքով զբաղվելու մեղադրանքով:

Դեպքի օրը Դիանան Շահբազյանի բաջանաղի գրպանից գումար էր գողացել, ինչի պատճառով էլ սկսվել է վիճաբանությունը՝ ավարտվելով սպանությամբ:




Լրահոս