ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Հարավկովկասյան երկաթուղու» շենքի դիմաց

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցներն իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ կենսաթոշակային կուտակային պահումների: Նրանք իրենց տնօրինությունից պահանջում էին վերադարձնել հունվար ամսվա աշխատավարձերից արդեն իսկ կատարված պահումները: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց աշխատավարձերից պահվել է 13%` նախատեսված 5%-ի փոխարեն: Ըստ աշխատակիցների` ՀԿԵ ղեկավարությունն սկզբում համաձայնել է ընդունել բողոքավորների 50 հոգուց բաղկացած խմբին, բայց հետո այդ թիվը կրճատել է մինչեւ 15-ի: Սակայն, մինչ օրս նրանց ոչ ոք չի ընդունել: Ակցիային միացել են «!Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչները:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Տղաս գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: Խնդրում եմ ասել` նա քաղծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Սուսաննա Սուքիասյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սուքիասյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները: Քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջներին (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում) բավարարում է՝ անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից քաղծառայողների միջին աշխատավարձը կկազմի 240-250 հազար դրամ: Հուսանք, որ մինչ այդ, սովորության համաձայն, օրենքի որոշ կետեր չեն կասեցվի կամ էլ դրանց կիրարկումը չի հետաձգվի:

 

 

ՀԱՐՑ. Կինս 72 տարեկան է, 2 անգամ ինսուլտ է տարել: Ունի բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները (ռուսերենով): Հաշմանդամության կարգ ստանալու համար, բացի փորձաքննության թղթերից, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել: Եթե թուղթը ռուսերեն է, դա կարո՞ղ է ինչ-որ խոչընդոտ առաջացնել:

Ռուբիկ Սարգսյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձը հաշմանդամ ճանաչվում է ոչ թե բժշկական փաստաթղթերի հիման վրա, այլ հանձնաժողովը զննում է անձին, ձեւակերպում փորձաքննական ախտորոշում, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները եւ դրանց հիման վրա ընդունում որոշում:
Ձեր կինը կարող է անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական, վերականգնողական միջոցառումների ավարտից հետո գրավոր դիմել բնակության վայրը սպասարկող ԲՍՓՀ՝ դիմումին կցելով վերոնշյալ փաստաթղթերը: ԲՍՓՀ-ն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում կկայացնի որոշում՝ ՀՀ-ում գործող հաշմանդամության սահմանման չափանիշներին համապատասխան:
Համաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի գ) կետի՝ ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները եւ հիմնարկները պարտավոր են գործավարությունը կատարել գրավոր հայերենով: Համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի ՝ վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, եւ ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով: Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաեւ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները: Հետեւաբար, բժշկական փաստաթղթերի` օտար լեզվով ներկայացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաեւ դրանց սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, Ռ. Սարգսյանը փաստաթուղթը վերցնելիս պետք է պահանջեր դրա հայերեն տարբերակը կամ թարգմանությունը: Նկատենք, որ առնվազն տարակուսելի է այն հանգամանքը, որ մինչ օրս Հայաստանի որոշ բժշկական հաստատություններ գրագրությունը վարում են ռուսերենով: Կարծում ենք` պատկան մարմինները պարտավոր են ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, որի արդյունքում սովորական քաղաքացիներն են կանգնում լրացուցիչ խոչընդոտների առջեւ:

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը պետական տուրքի գումարը սահմանված ժամկետում չի վճարում, ապա այդ դեպքում տույժ հաշվարկվո՞ւմ է: Եթե այո, ապա ինչո՞ւ:

Ալբերտ Հարությունյան (47 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթների` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս եւ այլ անիմաստ տուգանքներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին վճարել բոլոր պետական տուրքերն ու հարկերը: Առանց այն էլ մեր երկրում օր օրի ավելանում են նման տույժերի կիրառումն ու քաղաքացիների դժգոհությունները:




Լրահոս